Իրակա՞ն, կե՞ղծ, թե՞ հին. նկարների իսկությունը պարզելու գործիքներ

Նկարների, պատկերների ազդեցությունը համացանցում շատ մեծ է։ Ի վերջո, ինչպես ասում են՝ «ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել»:

Սակայն, հաճախ, դրանք միտումնավոր կամ ակամա ճիշտ չեն ներկայացվում և խնբագրվում են՝ իրադարձություններն աղավաղելու, մարդկանց մոլորեցնելու կամ զվարճացնելու նպատակով։

Նկարի սկզբնաղբյուրը գտնելու ամենաարագ ձևը, այսպես կոչված, «հակառակ որոնումն» է (Reverse Image Search)։

Այս մեթոդով հնարավոր է ամբողջ լուսանկարը կամ դրա մի մասը որոնել համացանցում՝ արդեն իսկ հրապարակված միլիոնավոր լուսանկարների շրջանում։

Դա հնարավոր է անել մի քանի որոնողական համակարգերի միջոցով, բայց ամենամատչելին ու արդյունավետը՝ Google-ն ու Yandex-ն են։

Համացանցում ցանկացած նկար շատ արագ հնարավոր է որոնել Google-ով՝ ինչպես համակարգչով, այնպես էլ սմարթֆոնով։

Կարող եք Google-ի նկարների որոնողական հակարգում (https://images.google.com/) կա’մ ներբեռնել նկարը, կա’մ տեղադրել դրա էլեկտրոնային հասցեն (URL) և փնտել։

Եթե աշխատում եք համակարգչի Google բրաուզերով, պետք է ընդամենը նկարի վրա մկնիկի աջ սեղմակով բացվող պատուհանում որոնում կատարել Google Lens-ի միջոցով։ Նույնը կարելի է անել նաև հեռախոսով։

Այդպիսով Google-ը կբերի բոլոր այն էջերը, որտեղ այն կարողացել է գտնել որոնվող նկարը կամ դրանում պատկերված օբյեկտը։

Yandex-ում էլ պատկերի որոնումը կատարվում է նույն կերպ՝ որոնողական համակարգում այն ներբեռնելով կամ տեղադրելով դրա էլեկտրոնային հասցեն։ Կարող ենք նաև ընտրել պատկերի հատվածը առավել թիրախային արդյունքներ ստանալու համար։

Կարելի է նաև բրաուզերում ավելացնել Yandex-ի հավելվածը (extension), որը հնարավորություն կտա նկարի վրա մկնիկի աջ սեղմակի միջոցով բացվող պատուհանում որոնել այն Yandex-ում։

Yandex-ի նկարների որոնման համակարգն ամենաարդյունավետն է նաև կեղծ օգտահաշիվների բացահայտման համար։ Եթե կասկածում եք, որ որևէ օգտահաշիվ կեղծ է, փնտրեք նրա լուսանկարը Yandex-ի նկարների որոնման համակարգում։ Գուցե պարզվի, որ դրանում պատկերված է այլ անձ, որի լուսանկարը գողացել են այլ սոցիալական ցանցերից։

Լուսանկարների առավել արագ փնտրում իրականացնելու համար ձեր բրաուզերում կարող եք ավելացնել նաև InVid, Search by Image և Reverse Image search հավելվածները (extension)։

Ապատեղեկատվության ու կեղծ լուրերի զոհ չդառնալու համար հետևե՛ք նաև #CivilNetCheck-ին:

Մեկնաբանել