Հայաստան է ժամանել սիրիահայ 153 երեխա` մասնակցելու ճամբարի

«Արմավիա» ավիաընկերության Սիրիա-Հայաստան լրացուցիչ չվերթով օգոստոսի 21-ի երեկոյան` ժամը 21:00-22:00-ի սահմաններում, Հայաստան են ժամանել սիրիահայ 153 երեխաների տեղափոխող 2 ինքնաթիռները:

«Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը նշել է, որ Սիրիայից Հայաստան են ժամանում 12-16 տարեկան սիրիահայ երեխաներ, որոնք իրենց հանգիստը կանցկացնեն Հանքավանի «Լուսաբաց» և «Հասմիկ» ճամբարներում:

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ՀՀ կառավարության հետ համատեղ օգոստոսի 9-ին Երևան-Դամասկոս-Երևան ուղղությամբ իրականացրել էր առաջին հատուկ չվերթը: Երևան-Դամասկոս ուղղությամբ մեկնել էր մեկ ուղևոր, իսկ Դամասկոսից Երևան էր ժամանել 137 երեխա:

2012թ. օգոստոսի 9-ին Երևան է ժամանել սիրիահայ երեխաների առաջին` 120-հոգանոց խումբը` ամառային հանգիստը Հայաստանում անցկացնելու նպատակով։ Դամասկոսի և Հալեպի հայ երեխաների` Հայաստան տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` մասնավոր հատվածի աջակցությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել էր Հանքավանի «Լուսաբաց» ճամբար` սիրիահայ երեխաներին հանդիպելու նպատակով:

Մեկնաբանել