Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։

«Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արդեն չորս շաբաթ փակ պահելու փաստին։

«ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները»,- հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 30 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։