Հայկական չրերը՝ եվրոպական շուկայում․ «Ագրոլոգ»-ի և «Լուկաշին»-ի փորձը

Արա Մարությանը

Հայաստանի գյուղատնտեսության հիմնական շեշտը պետք է դրվի օրգանիկ գյուղատնտեսության վրա, ասում է «Ագրոլոգ» ընկերության և հայկական արտադրանքի արտահանմամբ զբաղվող «Էքսպորտ Արմենիա» ընկերության համահիմնադիր Արա Մարությանը։ Նա նշում է, որ այդ սեգմենտում հայկական արտադրանքը կարող է մրցունակ լինել եվրոպական շուկայում, քանի որ սովորական չրերի սեգմենտում մրցակցությունն ավելի սուր է։

«Ագրոլոգ»-ը չրերի, պահածոների, ինչպես նաև թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի շրջանակում ընկերությունը 2015-2016-ից սկսել է օրգանիկ չրերի արտադրությունը։ Ներկայում հասել է մի հանգրվանի, երբ, ինչպես Մարությանն է ասում, պատվերներն ավելի շատ են, քան արտադրությունը։ Այժմ աշխատում են արտադրական ծավալները մեծացնելու և արևային էներգիայի կայաններով աշխատանքի անցնելու վրա։

Արա Մարությանը պնդում է, որ Հայաստանը պետք է ավելի շատ զբաղվի օրգանիկ գյուղատնետսությամբ, եթե ցանկանում է իր արտադրանքը նաև արտահանել։ Ըստ նրա՝ Հայաստանը օրգանիկ արտադրանքի համար այնքան էլ հարմար շուկա չէ, քանի որ մարդիկ շատ չեն գնում նման արտադրանք։ Գործընկերների հետ նա ստեղծել է օրգանիկ արտադրանքի վաճառքի Ecoagrolog հարթակը։

Այցելելով քսանից ավելի միջազգային ցուցահանդեսներ՝ ուսումնասիրել է դրսի շուկաները, կազմել է պատկերացում, թե ինչ ուղղությամբ կարելի է զարգացնել օրգանիկ գյուղատնտեսությունը Հայաստանում։

«Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի շատ հետաքրքիր մոդել։ Կա գյուղասոցիացիա, որը ծրագրում է ֆերմերների արտադրանքը 10-15 տարվա մրցունակությամբ։ Այսինքն՝ նրանք ստեղծում են ապրանք, որ մրցունակ կլինի։ Սա հարթակ է ֆերմերների և պետության միջև, որը կարելի է կիրառել նաև Հայաստանում»,- նշում է նա։

Եվրոպան՝ արտահանման հիմնական ուղղություն

Եվրամիության աջակցության ծրագրերից Արա Մարությանն առանձնացնում է հոկտեմբերի 10֊15-ը Միլանում տեղի ունեցած Իտալիայում Իսպանիայի Առևտրի պաշտոնական պալատի և Հայկական Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) համատեղ «Սերմեր ապագայի համար» նախագիծը, որը նվիրված էր Իսպանիայի, Իտալիայի և Հայաստանի միջև Bio/Organic Food ոլորտում առևտրային հարաբերությունների ամրապնդմանը:

Մարությանը պատմում է, որ այստեղ նկատել է շատ ճիշտ մոտեցում, մասնավորապես՝ քննարկումը սկսվել է վաճառքի հարցից, շուկաներ գտնելուց, պատվերները հասկանալուց։ Նրա խոսքով՝ երբեմն շուկաները կան, սակայն արտադրողներն իրենք պատրաստ չեն այդ շուկաներին։ Օրինակ, երբ պատվիրատուն ցանկանում է 50,000 տոննա չիր, Հայաստանը չունի տալու նույն չափսերով, գույներով և համով այդքան արտադրանք։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագծին մասնակցել է նաև 2005-ից գործող «Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոպերատիվը։ «Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» ՍԿ-ն զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ և վերամշակմամբ, չրերի, թարմ մրգերի և բանջարեղենի արտադրությամբ։

Արտադրված չրերը նաև արտահանվում։ Ընկերությանը արտադրական հզորությունները մեծացնելու գործում աջակցել են եվրոպական և ամերիկյան կազմակերպությունները՝ տրամադրելով չիր պատրաստելու սարաքավորումներ ու արևային չորացում կազմակերպելով։

«Հիմնական աջակցությունը ստացել ենք Ավստրիական զարգացման գործակալությունից չրերի արտադրության ուղղությամբ։ Տրամադրել են սարքավորումներ, չորանոցներ։ Քանի որ Եվրամիության շուկան հիմնականում պահանջում է փաթեթավորված արտադրանք, մենք կատարում ենք եվրոպական չափանիշերին համապատասխան փաթեթավորում և հիմնականում արտահանում ենք ԵՄ։ Մեր գործընկերները մասնակցում են շատ ցուցահանդեսների եվրոպական երկրներում և ավելի շատ սովորում, թե ինչպես ճիշտ կազմակերպել գործը»,- նշում է ասոցիացիայի նախագահ Վարդգես Դավթյանը։

Ամենաշատ արտահանումն իրականացվում է Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Լեհաստան։ Արտահանումը սկսել են օրգանիկ չրերից, այժմ արտահանում են նաև բնական չրեր։

Դավթյանը կարևորում է Եվրամիության հետ աշխատանքը։ Նրա խոսքով՝ այդպես սովորում են բարձր դասի արտադրանք ունենալ։

«Ի տարբերություն ռուսական շուկայի, որտեղ արտադրանքը գնում է ոչ փաթեթավորված, և սպառողը չի իմանում, թե ով է այն արտադրել, ԵՄ շուկայում իրենք նաև ճանաչելիություն են ապահովում Հայաստանի համար»,- նշում է նա։

Ե՛վ Մարությանի, և՛ Դավթյանի կարծիքով՝ արտահանման մեջ ամենաբարդը բուն տեղափոխումն է։ Նրանք կարևորում են պետության դերը և ոլորտի նկատմամբ հստակ դիրքորոշումը սեփական քայլերով ցույց տալը։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել