Փաշինյանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղերին ղեկավարների փոխադարձ այցերի հնարավորության մասին

Ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլից հետո Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Այս մասին հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ-թուրքականի սահմանի, այլև ընդհանրապես տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնում, սակայն, ըստ Փաշինյանի՝ այս ամենին խանգարում է «Ադրբեջանի շարունակական խոսույթը ինչ-որ միջանցքների մասին»։

Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականներն ընդգրկված են Եվրպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի նույն խմբում։ Հարցին, թե հնարավոր է 2009-ի նման Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների այցելություններ լինեն ֆուտբոլային հանդիպումների ժամանակ, Փաշինյանը պատասխանեց․ «Դա կախված է ընդհանուր իրավիճակից և երկու կողմերի քաղաքական կամքից։ Կարծում ենք՝ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»։

Մեկնաբանել