Կարմիր Խաչի ուղեկցությամբ ևս երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս երեք հիվանդ այսօր՝ հունվարի 10-ին, Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս երեք հիվանդներ այսօր տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- ասված է հաղորդագրությունում։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 16 հիվանդ։

Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

««Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար»,- նշում են նախարարությունից։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 30 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։