Քո գրպանից․ 2022-ը հաջող տարի էր․․․ պաշտոնյաներին փոխկապակցված բիզնեսների համար

2022-ը Հայաստանի պատմության մարտահրավերներով ու դժվարություններով լեցուն հերթական տարիներից էր։ Մեզ անվտանգություն, խաղաղություն, արդարություն խոստացած իշխանություններն այս տարի էլ չհաջողեցին այս գործում։

Մինչդեռ, տարին դրական էր որոշ պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների համար, որոնք բավականին հաջողություններ են ունեցել պետական գնումների մրցույթներում։

Ամփոփենք.

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԻ-ի համար 2022-ը իսկապես հաջող էր։ Հեղինակային հսկողությամբ և նախագծերի պատրաստմամբ զբաղվող ընկերության հետ միայն այս տարի կնքվել է 34 պայմանագիր` ընդհանուր շուրջ 635 մլն դրամի։ Բոլոր պայմանագրերը կնքել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, դրանց շուրջ 70 տոկոսը եղել են առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած, աֆալտապատմամբ զբաղվող «Եվրոասֆալտ» ընկերության համար էլ տարին բարեբեր է եղել։ Չհաշված 2021-ին կնքված որոշ պայմանագրեր, որոնց ֆինանսավորումն ու աշխատանքները եղել են այս տարի, «Եվրոասֆալտի» հետ 2022-ին կնքվել է չորս խոշոր պայմանագիր՝ շուրջ 5,7 մլրդ դրամի, որից 2,2 մլրդի մասով մասով աշխատանքները նախատեսվել են այս տարի։

Ալեն Սիմոնյանի ընկերոջ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույքի» հետ պետական և համայնքային մարմինները 2022-ին կնքել են 29 պայմանագիր։ Ընկերությունը ամենատարբեր մարմիններին մատակարարել է մոտ 51 մլն դրամի կահույք։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսի» համար էլ 2022-ը բավական հաջող էր։ Տարվա ընթացքում ընկերության հետ պետական ու համայնքային մարմինները կնքել է 20 պայմանագիր՝ ընդհանուր 648 մլն դրամի։ Ընկերության հետ ամենամեծ պայմանագիրը կնքել է Առողջապահության նախարարությունը՝ հիվանդանոցային ծառայություններ ձեռբերելու համար՝ 492 մլն դրամի։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը պատկանող «Արմֆարմաիցա» ՓԲԸ, որտեղ ղեկավարի պաշտոնում եղել են նաև Ավանեսյանն ու ամուսինը, պետական մարմինների հետ 2022-ին կնքել են 22 պայմանագիր։ Ընկերությունը մեծամասանբ մատակարարել է դեղորայք, առողջապահական և լաբորատոր նյութեր՝ ընդհանուր 126 մլն դրամի։ Հատկանշական է, որ ընկերության հետ երեք պայմանագիր է կնքել Ավանեսյանի ղեկավարած առողջապահության նախարարությունը՝ 89 մլն դրամի։

Այպիսով, մեզ առանց կոռուպցիայի Հայաստան խոստացող իշխանությունների հետ փոխկապակցված ընկերություններն իսկապես բավականին հաջող տարի են ունեցել։ Պաշտոնյաները չեն հրաժարվում պետական գնումներից, իսկ կոռուպցիոն, շահերի բախման, պաշտոնական դիրքի չարաշահման ռիսկերը մնում են օդում կախված։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Տեր եղիր քո գրպանին

Մեկնաբանել