Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնվել է ՌԴ Պատվո շքանշանը

Հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Վեհափառ Հայրապետը պետական պարգևին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Հաղորդագրությունում նշվում է, որ արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր կառույցների ղեկավարներ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընթերցեց ՌԴ նախագահի հրամանագիրը, ապա Նորին Սրբությանը հանձնեց ՌԴ Պատվո շքանշանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին։ Հայոց Հովվապետը, ի դեմս ՌԴ դեսպանի, շնորհակալություն հայտնելով նախագահ Վլադիմիր Պուտինին ազնիվ ուշադրության և գնահատանքի համար, ի մասնավորի ընդգծեց. «Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա»,- ասված է հաղորդագրությունում։

«Նորին Սրբությունը հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և զորակցության վկայություն նկատեց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերը 44–օրյա արցախյան պատերազմի դադարեցման գործում, ինչպես նաև շարունակվող աջակցությունն ուղղված պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարմանը, արցախահայության անվտանգության ապահովմանը, Դադիվանքի ու հայոց հնամենի սրբավայրերի պահպանությանը։

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին` Հայոց Հայրապետն արձանագրեց. «Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Աղոթում ենք, որ արդյունավորվեն ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը»։

Մեկնաբանել