ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հունվարի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Օսմանին մտահոգություն է հայտնել միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակից հետո քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Նա կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և կառուցողական ու արդյունավետ երկխոսության սկսել։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները, որպես ԵԱՀԿ գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են՝ հաղթահարելու ընթացիկ մարտահրավերները։ Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։

ԵԱՀԿ գործող նախագահը նաև հայտնել է, որ այցելելու է Հայաստան և Ադրբեջան։

Մեկնաբանել