Ուժայինները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ, կան բերման ենթարկվածներ․ Իշխան Սաղաթելյան

Ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ, կան բերման ենթարկվածներ: Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ: Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը: Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաղաթելյանը։

Նա նաև հայտնում է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այժմ ուղևորվում են ոստիկանության և քննչական բաժիններ։

Քննչական կոմիտեի (ՔԿ) մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Գերասիմ Վարդանյանի և մի քանի այլ անձանց տանը խուզարկություն է իրականացվում 2022-ի օգոստոսին հարուցված քրեական վարույթի շրջանակում։

«2022-ի օգոստոսին ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք պատրաստելը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»,- գրել է Աբրահամյանը։

Մեկնաբանել