Լիանա Ղալթաղչյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) հայտնում է Լիանա Ղալթաղչյանի՝ COAF-ի գործադիր տնօրեն նշանակվելու մասին։ 2023 թվականի հունվարի 9-ից Ղալթաղչյանը ղեկավարում է Հիմնադրամի գործառնական, իրավական և ֆինանսական ոլորտները։

«Լ․Ղալթաղչյանի փորձառությունը և համապարփակ գիտելիքը տարբեր ռազմավարական ոլորտներում, ինչպես նաև միջազգային և պետական ​​կառույցներում աշխատանքը կնպաստեն COAF-ի ընդլայնմանը և Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքների զարգացմանը»,- նշած է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Ղալթաղչյանի կազմակերպչական պարտականությունների շրջանակի առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է COAF-ի հաջողված ՍՄԱՐԹ կենտրոնի մոդելի ընդլայնումը, որի միջոցով Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվում են համաշխարհային մակարդակի ոչ ֆորմալ կրթության և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:

«COAF ՍՄԱՐԹ կենտրոնն իրականացնում է լավագույն արտադպրոցական կրթական ծրագրերը Հայաստանի գյուղական համայնքներում, այդ թվում՝ լեզուների, երեխայի զարգացման, տեխնոլոգիաների, արվեստի, սպորտի, առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ուղղություններով: Առաջին COAF ՍՄԱՐԹ կենտրոնը բացվել է 2018 թվականին Լոռու մարզում։ Առաջիկա հինգ տարում COAF-ը 50 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրումով կգործարկի ևս չորս նոր ՍՄԱՐԹ կենտրոններ Արմավիրի, Սյունիքի (Կապան և Գորիս) և Շիրակի մարզերում: COAF-ի տեսլականն է հզորացնել մեր գյուղաբնակ սերունդների կարողությունները՝ ՍՄԱՐԹ կենտրոններ հիմնելով Հայաստանի բոլոր մարզերում»

***

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: COAF-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: COAF-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից՝ ընդլայնվելով ողջ երկրի տարածքով՝ ավելի քան 60 գյուղերում ու համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

Մեկնաբանել