Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են Ղարաբաղի հարցով. Պեսկով

Ռուսաստանն ու Հայաստանը Ղարաբաղի շուրջ տարբեր մակարդակներով բանակցություններ են վարում։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտապես շփումներ են ընթանում»,- հայտնել է նա։

Պեսկովը նաև մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը չի կարողանում Արցախում իր պարտականությունները կատարել, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն դրանց տեղակայման համար անհրաժեշտ է հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը»,- նշել է ՌԴ նախագահի խոսնակը։

Հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «Լաչինի հարցով մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Այստեղ կարևոր է ՌԴ դիրքորոշումն ու խաղաղապահների գործունեությունը։ Ես արդեն ասել եմ` եթե պարզվի, որ ՌԴ–ն չի կարողանում այդ պարտականությունները կատարել, որպես ԱԽ մշտական անդամ` պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին»։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն մեկ ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։