ԱՄՆ-ի բնակիչները ամեն տարի աղբն են նետում սննդամթերքի մինչև 40%-ը, որը կազմում է $165 մլրդ, այսպիսի տվյալներ են ներկայացված ամերիկյան «Բնական ռեսուրսների պաշտպանության խորհուրդ» հասարակական կազմակերպության հրապարակած զեկույցում։
«ԱՄՆ-ի բնակիչները փաստացի դեն են նետում իրենց ձեռք բերած սննդամթերքի կեսը։ Այդպիսով՝ փողերի ու թանկարժեք բնական ռեսուրսների զգալի մասը, ըստ էության, վատնվում է»,- նշում է զեկույցի հեղինակներից Դանա Գանդերսը՝ հավելելով, որ ամերիկացիները աղբն են նետում տասն անգամ ավելի շատ սնունդ, քան, օրինակ, Հարավարևելյան Ասիայի բնակիչները։
Գիտնականների խոսքով՝ չորս մարդուց բաղկացած ամերիկյան ընտանիքը ամեն տարի աղբն է նետում միջինը մոտ $2,3 հազ․։ Հետազոտողներին հատկապես մտահոգում է այն փաստը, որ ներկայում այդ ցուցանիշը 50%-ով բարձր է, քան 1970-ական թվականներին։
Աղբամանում հիմնականում հայտնվում են արագ փչացող մթերքները, օրինակ՝ բանջարեղենը, միրգը, որոնք չեն վաճառվել խանութներում։ Սակայն, մասնագետների խոսքով՝ սննդամթերքը հաճախ աղբամանում է հայտնվում ոչ այն պատճառով, որ փչացել է, այլ նրա համար, որ ավելորդ է։
Այսպես, ամեն օր չօգտագործված սննդի մնացորդներ են դեն նետում հսկայական թվով ռեստորաններ։