ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում ՀՀ-ում ստեղծված իրավիճակին, որը թույլ չի տալիս զորավարժություններ անցկացնել

ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը թույլ չի տալիս անցկացնել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու հայտարարությանը։

Զայնետդինովը հայտնել է, որ «Անխախտելի եղբայրություն-2023» զորավարժություն անցկացումը Հայաստանի տարածքում նախատեսված է եղել 2023-ի պլանով և զորավարժության անհրաժեշտությունը հաստատվել էր նաև Երևանում։

«Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»,- նշված է մեկնաբանությունում։

Կազմակերպության մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացել զորավարժությունների չեղարկման մասին՝ կազմակերպությունում սահմանված կարգի համաձայն։

***

Հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններ չեն անցկացվի․ «Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություն անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժությունները համենայնդեպս այս տարի Հայաստանում չեն կայանա»։

Մեկնաբանել