ՀԱՊԿ-ը Հայաստանից նամակ ստացե՞լ է, թե՞ ոչ. խառնաշփոթի հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ռուսական պետական լրատվամիջոցներում, այնուհետև նաև՝ հայկական մեդիայում հունվարի 11-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀԱՊԿ-ը պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից՝ վերջինիս տարածքում «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության չեղարկման մասին:

Տեղեկության աղբյուրը հունվարի 11-ին ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությանը ՀԱՊԿ Քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի տված մեկնաբանությունն է, որտեղ խոսնակը նշել է, որ ՀԱՊԿ Քարտուղարությունը դեռ պաշտոնական նամակ Հայաստանից չի ստացել։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի չեն կայանա, և ՊՆ-ն այդ մասին ՀԱՊԿ Միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է: Հունվարի 10-ին «ՏԱՍՍ»-ում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ ՀԱՊԿ-ը պաշտոնական ծանուցումը ստացել է։ Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի խոսնակ Վլադիսլավ Շչեգրիկովիչը:

Այսինքն` ստացվում է, որ ՀԱՊԿ-ը նախ հայտարարել է պաշտոնական ծանուցումը ստանալու, իսկ ուղիղ մեկ օր հետո՝ այն դեռ չստանալու մասին։

ՀԱՊԿ Քարտուղարության խոսնակը պնդում է, թե ընթացակարգով երկու մարմիններն էլ պետք է ծանուցվեն։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, կապ հաստատեց ՀԱՊԿ Քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի հետ և խնդրեց պարզաբանել, թե ինչպե՞ս է, որ ՀԱՊԿ Միացյալ շտաբի՝ ծանուցումը ստանալու հաստատումից հետո Քարտուղարության կողմից այլ հայտարարություն է տարածվում։ Մամուլի քարտուղարը հայտնեց, որ կան սահմանված ընթացակարգեր, ըստ որոնց` ՀԱՊԿ Քարտուղարությունը զորավարժությունների չեղարկման վերաբերյալ Հայաստանից պաշտոնական ծանուցում պետք է ստանա, սակայն չի ստացել։

«ՀԱՊԿ-ն ունի իրազեկման սահմանված կարգ, այդ թվում՝ այս հարցով, ուստի իրազեկումը պետք է իրականացվի համապատասխան ընթացակարգով։ Մինչ այժմ ՀԱՊԿ Քարտուղարությունը սահմանված կարգով պաշտոնական ծանուցում չի ստացել հայկական կողմից։ Սա այն է, ինչ պահանջում են մեր կանոնակարգային փաստաթղթերը»,- հայտնեց ՀԱՊԿ Քարտուղարության խոսնակը։

ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և Միացյալ շտաբը մշտական գործող աշխատանքային մարմիններ են։ Համաձայն ՀԱՊԿ պաշտոնական կայքի՝ Քարտուղարությունն իրականացնում է ՀԱՊԿ մարմինների կազմակերպական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովումը։

Սխեման՝ ՀԱՊԿ պաշտոնական կայքից։

Միացյալ շտաբը պատասխանատու է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի վերաբերյալ առաջարկների նախապատրաստման, ռազմական համագործակցությանը վերաբերող որոշումների գործնական իրականացման կազմակերպման՝ այդ թվում զորավարժությունների համակարգման համար։

Ծանուցումը ուղարկվել է դեռ հունվարի 5-ին

Պաշտպանության նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ ՊՆ-ն դեռ հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին:

«Ինչպես հայտնեց ՀՀ վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը ՀՀ-ում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ ՄՇ պետին»,- հայտնում է ՊՆ-ն:

ՀԱՊԿ կայքում տեղադրված փաստաթղթերում #CivilNetCheck-ին չհաջողվեց գտնել զորավարժությունների անցկացման կամ չեղարկման ծանուցման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկություններ։

Անհայտ է, թե արդյոք պետք է ՀԱՊԿ քարտուղարությունը առանձին ծանուցվի զորավարժությունների չեղարկման վերաբերյալ, թե ծանուցումը կարող էր ընդունվել ՀԱՊԿ կազմում երկու մարմինների հաղորդակցման միջոցով։

Մեկնաբանել