Առանց ռուս խաղաղապահների իրավիճակն է՛լ ավելի բարդ կլիներ․ Ռուբեն Վարդանյան

Քննադատություններն ու խոսակցությունները, թե ռուս խաղաղապահներն ինչ-որ վատ բան են անում, ոչնչի չեն հանգեցնի, քանի որ դրանով մենք կօգնենք միայն Ադրբեջանին, որը երազում է ռուս խաղաղապահների դուրսբերման մասին․ հունվարի 12-ին Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս երազանքն իրականանա։ Խաղաղապահները պետք է մնան այստեղ և մնան տասնյակ տարիներ՝ ապահովելով անվտանգությունը տարածաշրջանում։ Չեմ ուզում մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը: Եթե ​​կա նման կարծիք (ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները-խմբ.), ես առաջարկում եմ գալ, կանգնել մեզ հետ և տեսնել, թե այստեղ ինչ մեծ դեր են խաղում ռուս խաղաղապահները»,- հայտարարեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն իսկապես ծանր վիճակում են: Մենք կցանկանայինք և կա նման հնարավորություն, որ նրանց մանդատը լինի ավելի հստակ, ավելի երկարաժամկետ, խաղաղապահների թիվն ավելանա։ Առանց նրանց իրավիճակն է՛լ ավելի բարդ կլիներ, ուստի հեշտ է քննադատել՝ ապրելով Լեռնային Ղարաբաղից դուրս։ Այստեղ մենք տեսնում ենք նրանց ծանր վիճակը։ Մենք սերտորեն աշխատում ենք ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Սա միակ ճանապարհն է»,- նշեց Արցախի պետնախարարը։

***

Հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արցախի անվտանգության մասին հարցին, հայտարարեց․

Անվտանգությունը երաշխավորելու հանձնառության մի մաս է, ըստ Փաշինյանի, Հայաստանից հնչող քննադատությունը ռուս խաղաղապահների հասցեին։ «Մենք խոսում ենք այն մասին, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցում։ Մենք այս խոսույթը որպես ի՞նչ ենք բարձրացնում՝ այդ թվում որպես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր։ Եթե Ձեր ասածն է, ուրեմն մենք պետք է այդ հարցով ընդհանրապես չզբաղվենք», – հավելեց նա։

Հարցին՝ խաղաղապահների ժամկետը լրանալու դեպքում ՀՀ-ն հնարավո՞ր է դիմի ՄԱԿ-ին, Փաշինյանն ասաց, որ իրավիճակի վերլուծությունը հիմք է տալիս նման բան ասելու, եթե տեսնի, որ գործառույթին որևէ բան սպառնում է. «Մենք՝ այդ թվում որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր երկիր, պետք է նաև այլ միջոցներ փնտրենք և փորձենք գտնել»։