Արական, իգական և չճշտված. ինչպես է Արա Զոհրաբյանն աղավաղում իրականությունը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 9-ին ֆեյսբուքյան գրառում է արել՝ «Երեխաների հիվանդության պատմագրում այսուհետ սեռը կարող է նշվել «չճշտված». հերթական հարվածը ազգային դարպասներին» վերտառությամբ։

Խոսքը առողջապահության նախարարի՝ 2022-ի նոյեմբերին ընդունած N 74-Ն հրամանի մասին է, որով հաստատվել է «Երեխայի հիվանդության պատմագիրը» ձևը: Պատմագրի ձևի 21-րդ կետում, որտեղ պետք է լրացվի երեխայի սեռը, նախատեսվել է պատասխանի երեք տարբերակ՝ իգական, արական և չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)։

«Փաստորեն, հայրենի առողջապահական համակարգը որոշել է փոխել նախկինում հաստատված պատմագրի ձևը, որտեղ երեխայի սեռը բնութագրվում էր (1)□ իգական կամ (2) □ արական»,- գրել է Զոհրաբյանը՝ հայտարարելով, թե առաջին անգամ է, որ սեռը բնութագրվում է նաև չճշտված, և ահազանգել, թե այս իշխանությունը ոչ միայն ֆիզիկապես է մեզ ոչնչացնում, այլ՝ հոգեպես:

Մինչդեռ պարզվում է՝ առաջին անգամ չէ, որ իրավական ակտերում նման ձևակերպում է օգտագործվում։ Թեմային անդրադարձել են «Փաստերի ստուգման հարթակի» մեր գործընկերները։ #CivilNetCheck-ը ևս պարզաբանում է ստացել առողջապահության նախարարությունից։

Այսպես, ինչպես հայտնում են ԱՆ-ից, երեխայի հիվանդության պատմագրի ձևը, որն ուժի մեջ է մտել 2023-ի հունվարի 1-ից, նախատեսված է բացառապես բուժաշխատողների համար. «Եվ դրա 21-րդ կետում նշված երեխայի սեռին վերաբերող տողի «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)» ձևակերպումը զուտ բժշկական նշանակություն ունի` նախատեսված նորածնային և կրծքի հասակի երեխաների համար»։

Նախարարությունից տեղեկացնում են, որ առկա են մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում երեխայի ծննդի պահին հնարավոր չէ որոշել երեխայի սեռը` ելնելով արտաքին սեռական օրգանների տեսքից: Նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ, մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները և այլն: Այս դեպքերում պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային քննություններ, այդ թվում` գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում):

«Թեև նման բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, բայց կան, ուստի, վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ ևս նշում պետք է լինի: Հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո միայն հնարավոր է պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը»,- մանրամասնում են նախարարությունից։

Ավելին, ըստ ԱՆ-ի՝ դեռ ԽՍՀՄ ժամանակներում գործող «Ծննդի մասին» բժշկական վկայականի քաղվածքում տղա և աղջիկ նշումներից բացի է եղել է չորոշված նշումը: 2009-ին հաստատված «Ծննդի մասին» բժշկական վկայականում», որը վերանայվել և վերահաստատվել է 2017-ին, կրկին նշվում է` «արական, իգական և չի որոշված»:

Մեկնաբանել