Վրաստանը խաղաղ հարևանության հարթակի ձևավորման նախաձեռնություն ունի․ Ղարիբաշվիլի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ բացի երկկողմ տնտեսական բնույթի հարցերից, քննարկման ենթակա են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցեր․ «Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա է փոխըմբռնում»,- շեշտել է Փաշինյանը։

Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին նշել է, որ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հարցում

«Այս նպատակով ուզում եմ նշել, որ մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար: Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի: Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության»,- ասելի Վրաստանի վարչապետը։

Մինչ միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել էր Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը: