Լաչինի միջանցքի հարցում Երևանի դիրքորոշումն ունի երկու պատճառ

Հունվարի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը` հայաստանյան լրատվամիջոցների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բազմաթիվ հարցերի` հիմնականում կրկնելով նախկինում արած մի շարք հայտարարություններ, որոնք պատմական ռևիզիոնիզմի ու բանակցային գործընթացի խեղաթյուրման մակերեսային փորձերի տպավորություն են թողնում:

Ասուլիսի ընթացքում Փաշինյանի հնչեցրած մտքերից հետաքրքրական էին նրա հայտարարությունները վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ: Դրանք թույլ են տալիս հասկանալ, թե որոնք են Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու դիրքորոշումները Արցախի շրջափակման հարցի շուրջ:

Այսպես, խոսելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա: Նա հավելել է. «Եթե ուշադրություն եք դարձրել՝ 6-րդ կետում ՀՀ վերաբերյալ որևէ գործողություն չկա, և մենք կարծում ենք, որ այս հարցում մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ և մենք այս գործընթացում և ընդհանրապես մեր բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առաջնային»:

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի կառավարությունը վերջին մեկ տարվա ընթացքում աննախադեպ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Արցախին: Ի դեպ, նա ասուլիսի ընթացքում այս փաստարկը մի քանի անգամ կրկնել է` պատասխանելով Արցախին կամ Ղարաբաղյան հակամարտությանը առնչվող տարբեր հարցերին: Ասուլիսի մեկ այլ հատվածում, անդրադառնալով նույն խնդրին, Հայաստանի վարչապետը նշել է, որ ճգնաժամի հանգուցալուծման համար Արցախի իշխանությունները պետք է բանակցեն Ադրբեջանի իշխանությունների հետ:

Փաշինյանի այս պատասխանները հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի կառավարության դիրքորոշումների մասին: Պաշտոնական Երևանը փաստացիորեն հայտարարում է, որ ճգնաժամը հանգուցալուծելու հարցում իր գործառույթները մինիմալ են, և այդ խնդրի կարգավորմամբ պետք է զբաղվեն Ադրբեջանն ու Ռուսաստանը: Չնայած Հայաստանի կառավարությունը խնդիրը միջազգային ատյաններում բարձրաձայնելու փորձեր անում է, այնուամենայնիվ, չի պատրաստվում այս հարցի շուրջ բանակցություններ վարել ոչ Ադրբեջանի, ոչ էլ Ռուսաստանի հետ: Ի դեպ, սա այն եզակի հարցերից է, որտեղ Բաքվի ու Երևանի դիրքորոշումները գրեթե համընկնում են: Ադրբեջանի իշխանությունները ևս պնդում են, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղին առնչվող բոլոր հարցերը Ադրբեջանի ներքին գործն են և, որ նրանք չեն պատրաստվում այդ հարցերը քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ արտաքին դերակատարների հետ:

Երևանի այսպիսի դիրքորոշման պատճառները երկուսն են: Սա մի կողմից արդեն իսկ երկարատև միտման արտացոլում է, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են հեռու մնալ Արցախի հետ առնչություն ունեցող հարցերից` իրենց վերապահելով միայն Լեռնային Ղարաբաղին սոցիալ-տնտեսական աջակցության գործառույթը: Մյուս կողմից, Երևանում որոշում կայացնողների մոտ կա ընկալում, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը օգտագործում են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը` որպես լծակ Հայաստանի Հանրապետությունից այլ օրակարգերում զիջումներ կորզելու համար: Այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել այս հարցի շուրջ բանակցություններ չվարել ոչ Բաքվի, ոչ էլ Մոսկվայի հետ` հայտարարելով, որ Ստեփանակերտը պետք է լինի բանակցող կողմը:

Հայաստանի իշխանությունների այս մոտեցման մեջ երկու հակասական ու խնդրահարույց կետ կա: Առաջինն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ոչ միայն Հայաստանը չի հիշատակվում, այլև Լեռնային Ղարաբաղը: Եթե, ըստ վարչապետ Փաշինյանի, Հայաստանի մասնակցությունը Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ բանակցություններին ոչ լեգիտիմ է, ապա ինչպես է նա հիմնավորում այդ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը: Առավել ևս, որ Հայաստանը եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերից մեկն է, իսկ Լեռնային Ղարաբաղը` ոչ: Այդ առումով Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն և կարգախոսային բնույթի ու ներքին սպառման համար հայտարարություններ է անում:

Վերոնշյալ դիրքորոշման երկրորդ խնդրահարույց կետը այն է, որ Երևանը շատ հստակ գիտակցում է, որ ոչ Բաքուն, ոչ էլ Մոսկվան Ստեփանակերտի հետ քաղաքական մակարդակով բանակցություններ երբեք չեն սկսելու: Իսկ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը հենց քաղաքական մակարդակով լուծվող հարց է: Արցախի իշխանությունները, իհարկե, մշտական շփման մեջ են գտնվում խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ, սակայն ակնհայտ է, որ այս ճգնաժամը խաղաղապահների մակարդակով չի հանգուցալուծվելու:

Այդ առումով կարելի է արձանագրել, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը փաստացիորեն թողնված է բախտի քմահաճույքին: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը քննարկվում է առանց հայկական կողմերի մասնակցության: Այս հանգամանքը բնականաբար նվազեցնում է Արցախի բնակչության համար ստեղծված իրավիճակում քիչ թե շատ ընդունելի լուծումների հավանականությունը: Մյուս կողմից, բանակցություններից խուսափելու որոշումը դժվար թե կնվազեցնի Հայաստանի խնդիրները հայ-ադրբեջանական համատեքստի այլ օրակարգերում:

Մեկնաբանել