Հունաստանին պետք է ժամանակ, այլ ոչ թե փող․ Սամարաս

Հունաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ բյուջեի դեֆիցիտի կրճատման բարեփոխումների համար ավելի շատ ժամանակ է պետք։

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը եվրոպացի առաջնորդների հետ մի շարք հանդիպումների նախօրեին (Սամարասը մտադիր է այսօր Աթենքում հանդիպել Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իսկ վաղը մեկնելու է Բեռլին՝ բանակցելու Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ) հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին, որում հայտարարել է, որ հավելյալ ժամանակը Հունաստանին անհրաժեշտ է «թարմ օդի պես»։

«Մենք փող չենք խնդրում։ Մենք կկատարենք մեր պարտավորությունները։ Մեզ միայն անհրաժեշտ է ժամանակ՝ շունչ քաշելու համար»,- ասել է Սամարասը։ Նա չի հստակեցրել, թե որքան ժամանակ է հարկավոր, սակայն փորձագետները կարծում են, որ հնարավոր է՝ խոսքը երկու տարվա երկարաձգման մասին է։

Մեկ օր առաջ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել էր, որ հունական բարեփոխումների համար պայմանների «մեղմացման» մասին խոսք անգամ չի կարող լինել։

Հունաստանը ֆինանսական օգնություն է ստանում Եվրամիությունից ու Արժույթի միջազգային հիմնադրամից պետբյուջեի ծախսերի զգալի կրճատման պայմանով։ Դա վերածվում է սոցիալական վճարների, պետական հատվածում աշխատատեղերի կրճատման և տնտեսական իրադրության ընդհանուր վատթարացման։ Սամարասի կառավարությունն առերեսվում է հույների՝ խիստ խնայողության ծրագրերից ծայրահեղ դժգոհության աճի։

Մեկնաբանել