Ֆրանսիան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի, քանի երկխոսության օրակարգը սպառված չէ, նշում է Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության օրակարգն ամբողջովին սպառված չէ, տեղին չէ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը։ Այս մասին հունվարի 13-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

«Ամենկարևորը երկխոսության վերականգնումն է և խաղաղ կարգավորումը, մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան։ Այսօր կարծում ենք այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության օրակարգն ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով»,- ասաց Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

2022-ի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Մասնավորապես, Ֆրանսիայի խորհրդարանը «առաջարկել էր կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում»։

Ֆրանսիայի ԱԺ նախագահը խոսեց նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ միջանցքը հնարավորինս շուտ պետք է վերաբացվի։

«Մեզ համար պարտավորություն է լինել Հայաստանում, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի են դարձնում Հայաստանը։ Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական ժողովուրդների և երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը սպառնալիքների տակ է։ Մենք շատ անհանգիստ ենք ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այն մեզ մտահոգում է։ Շատ կարևոր է, որ վերականգնվի ճանապարհը Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև էլեկտրաէներգիան և ինտերնետ կապը (Արցախում – խմբ․)։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»,- նշեց նա։

Հարցին, թե Ֆրանսիան պատրաստ է փաստահավաք խումբ ուղարկել Լաչինի միջանցք, որի մասին անհրաժեշտության մասին հայտարարել են Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը, Բրաուն-Պիվեն պատասխանեց․ «Չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունների կողմից նման դիմում եղել է, թե ոչ։ Երբ եղան դիմումներ օրինակ Ուկրաինայի կողմից, Ֆրանսիան պատասխանեց այդ խնդրանքին՝ ուղարկելով մի շարք փորձագետներ։ Բայց չգիտեմ՝ Հայաստանը նման դիմում ձևակերպել և ուղղել է Ֆրանսիային, ուստի չեմ կարող պատասխանել»։

Մեկնաբանել