Բեգլարյանների ընտանեկան հարստության ծագման հարցը դատարանում․ մանրամասներ նիստից

Գևորգ Թոսունյան

Հունվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդդեմ Գագիկ Բեգլարյանի, Նունե Բեգլարյանի, Հրանտ Բեգլարյանի, Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին» գործի քննությունը։ Նիստին պատասխանող կողմը՝ տվյալ դեպքում Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչ փաստաբան Էդգար Անդրեասյանը, հայցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացրեց։ Մինչ այդ, ՍիվիլՆեթը միջնորդել էր նիստը տեսագրել, որին դատախազության ներկայացուցիչը՝ Նելլի Տեր-Թորոսյանը, կողմ էր, իսկ փաստաբան Էդգար Անդրեասյանը՝ դեմ։ Այդ հիմքով դատարանը որոշեց արգելել տեսագրությունը։

Դատական նիստի ընթացքում դատավոր Նարինե Ավագյանը պարբերաբար հարցեր էր տալիս Բեգլարյանի ներկայացուցչին։ Այդ հարցերից մեկը վերաբերում էր նվիրատվություններին։

– Նշված է, որ Բեգլար Բեգլարյանը և Ֆենյա Մկրտչյանը Գագիկ Բեգլարյանի զավակներին 318 մլն 187 հազար դրամին համարժեք 1 մլն 40 հազար ԱՄՆ դոլար են հատկացրել, ինչպես նաև Յուրի Բեգլարյանի կողմից Գագիկ Բեգլարյանին և Նունե Նիկոյանին 1 մլրդ 223 մլն դրամի համարժեք 4 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարվել։ Ուղղակի, զուտ հասկանալու համար՝ սա ընդունվա՞ծ ավանդույթ էր նրանց ընտանիքում կամ կարի՞ք էր, ի՞նչ էր, որ նման չափի գումար են նվիրել,- հետաքրքրվեց դատավորը։

– Հարգելի դատարան, ընտանեկան հանգամանքներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով բիզնես գործունեության հիմնական մասը համատեղ վարելու սովորույթը, նաև հաշվի առնելով այդ անձանց տարիքը՝ իմ կարծիքով, առնվազն ողջամիտ է այդ գումարներից որդիներին ու թոռներին հատկացումներ կատարելու հավանականությունը,- եղավ փաստաբանի պատասխանը։

Նիստին դատախազության հայցի վերաբերյալ առարկությունները փաստաբան Էդգար Անդրեասյանը նախ կարճ ներկայացրեց։ Նա ասաց, որ իրենք ուսումնասիրել են 1990-2021 թվականներին Գագիկ Բեգլարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց իրականացրած գործունեությունը, աշխատավարձերն ու եկամուտները, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ստացված եկամուտները, ինչպես նաև բավականին ծավալուն ուսումնասիրություն է կատարվել Գագիկ Բեգլարյանի հոր՝ Բեգլար Բեգլարյանի եկամուտների վերաբերյալ։

Դատավոր Նարինե Ավագյան

«Ներկայացված է եկամուտի աղբյուրն ու չափը, դրանով պայմանավորված հերքվում է այն մոտեցումը, որ այդ ժամանակահատվածում դատախազության կողմից ներկայացրած գույքերը ձեռք բերելու համար դրամական միջոցներ չեն եղել։ Կարճ ասած՝ մենք պատասխանով ցույց ենք տալիս, որ դրամական միջոցները եղել են օրինական աղբյուրներից»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Գագիկ Բեգլարյանի հայրը՝ Բեգլար Բեգլարյանը, ընտանիքի հետ 1990-1991-ին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որն իրականացվել է «Ձորաղբյուր» և «Ղարս-1» արտադրական կոոպերատիվների միջոցով։ Այս ընկերություններից ստացել է շահույթ, որը, ըստ փաստաբանի, դատախազը չի ուսումնասիրել։ Ավելին նա նշեց, թե վարույթ իրականացնող մարմինն այս և այլ հանգամանքներ չի կարողացել պարզել, քանի որ իրավական անձանց գրանցման ռեգիստրն ու հարկային հաշվետությունների ներկայիս գործող համակարգը այդ տարիներին գոյություն չեն ունեցել։

Բեգլարյանները ԱՄԷ-ում հիմնել են «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն

Փաստաբան Էդգար Անդրեասյանի խոսքով՝ Գագիկ և Բեգլար Բեգլարյանները 1994-ին այլ անձանց հետ համատեղ Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծել են «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրն ունենալով 25 տոկոս բաժնեմաս, և ստացել են եկամուտ շահաբաժինների տեսքով։

«1995-2017-ին այդ ընկերությունից Գագիկ և Բեգլար Բեգլարյաններին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին փոխանցած շահաբաժինների վերաբերյալ տեղեկատվությունը իրավասու մարմնին հայտնի չի եղել՝ դրանք կանխիկ եղանակով ստացվելու պատճառով»,- ասաց փաստաբանը։

Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչ Էդգար Անդրեասյան

Բացի այդ, նա նշեց, որ Գագիկ Բեգլարյանի ծնողները աշխատել են ու եկամուտներ ստացել, որոնք լիարժեք չեն արտացոլված կամ ընդհանրապես չկան հայցում։ Ըստ կողմի՝ ծնողները ինքնուրույն գույք ձեռք բերելու համար միջոցներ ունեցել են։ Անդրեասյանն ասաց, որ հետագայում ֆինանսական միջոցներն ապացուցող փաստաթղթերով ցույց կտա, որ դատախազության պնդումը կեղծ է, թե այդ գույքերի իրական շահառուն Գագիկ Բեգլարյանն է։

Փաստաբանի խոսքով՝ Բեգլարյանի ծնողների հիմնական եկամուտը ձևավորվել է «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ից, որից եկամուտները փոխանցվում էին կանխիկ եղանակով։

Դատավոր Նարինե Ավագյանը ասաց, որ ըստ պատասխանողի առարկության տեքստի՝ Գագիկ Բեգլարյանը 1995-1999-ը «Ռոյալ բոքս կարգո»-ից ստացել է 415 մլն դրամին համարժեք 855 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին։ Ավագյանի խոսքով, սակայն, տեքստում արտացոլված չէ շահաբաժնի չափը՝ ըստ տարիների։ Փաստաբանը խոստացավ հավելյալ տեղեկացնել, սակայն նախնական կարծիք հայտնեց, որ հնարավոր է ոչ թե ամեն տարին մեկ շահաբաժնի հատկացում լինի, այլ, օրինակ, չորս տարին մեկ։

Դատավորը հայցվորից հետաքրքրվեց, թե արդյոք ծանոթացել են պատասխանողի հաշվարկներին։ Դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը ասաց, որ ծանոթացել են, սակայն, նրա խոսքով, փաթեթին կցված էին պատճենահանված փաստաթղթեր, որոնք հայերեն չեն ու ամբողջական պատկերացում չեն տալիս եկամուտների ու ծախսերի վերաբերյալ։

Դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյան

Նիստին Ավագյանն անդրադարձավ մեկ այլ նվիրատվության։ Բեգլարյանի ներկայացուցիչները պնդել էին, թե 230 հազար ԱՄՆ դոլար հատկացվել է Գագիկ Բեգլարյանի զավակներին՝ «ընթացիկ կարիքների ու բարեկեցիկ ապագան ապահովելու նպատակով»։ Դատավորը հետաքրքրվեց, թե դա ի՞նչ է նշանակում ու արդյոք այդ գումարը ծախսվե՞լ է։

Փաստաբան Էդգար Անդրեասյանն ասաց, որ 2002-ին Բեգլար Բեգլարյանը «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ից ստացել է 305 մլն դրամին համարժեք 432 հազար ԱՄՆ դոլար շահութաբաժին, նույն չափի շահաբաժին ստացել է նաև Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը։ Այս գումարից 230 հազար դոլարը փոխանցվել է Գագիկ Բեգլարյանի զավակներին, ըստ փաստաբանի, հնարավոր է՝ հետագայում այդ գումարը դիտարկվել է որպես ընտանիքի եկամուտ ու անշարժ գույք է ձեռք բերվել։

2001-ին «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ում Գագիկ Բեգլարյանի 25 տոկոս բաժնեմասը տնօրինման է փոխանցվել Յուրի Բեգլարյանին։ Փաստաբանը մանրամասնեց, որ ոչ թե նվիրաբերություն կամ օտարում է եղել, այլ տրվել է հավատարմագրային կառավարման։

Դատավորն այս պատասխանից հետո հարցրեց. «9-րդ էջում նշել եք, որ Բեգլար Բեգլարյանը 2004-ին ստացել է 1 մլն 234 հազար ԱՄՆ դոլար, նույն գումարի շահաբաժին ստացել է նաև Յուրի Բեգլարյանը։ Եթե հավատարմագրային կառավարման է հանձնել, ապա ինչո՞ւ այս եկամուտները կամ շահաբաժինները Գագիկ Բեգլարյանը չի ստացել»։ Հարցին պատասխանեց Բեգլարյանի մյուս ներկայացուցիչը՝ Գոռ Օհանյանը՝ ասելով, որ բոլոր փաստաթղթերը տրամադրվել են դատախազությանը, իսկ Էդգար Անդրեասյանը խոստացավ լրացուցիչ ճշտել ու հաջորդ նիստերին պարզաբանել։

Ավագյանը նաև հետաքրքրվեց, թե 2001-ից հետո, երբ Գագիկ Բեգլարյանը հանդիսացել է հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ, վերոնշյալ գումարները հայտարարագրվե՞լ են. «Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ, հարգելի դատարան»,- պատասխանեց Անդրեասյանը։

***

2022-ի նոյեմբերին դատախազությունը հայտնեց, որ ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ «2002-2010-ի ընթացքում Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր»։

Դատախազությունը ներկայացրել էր նաև 24 անշարժ գույքի ցանկ։ Նշվում էր, որ «հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը»:

Մեկնաբանել