Ռեմբրանտի նկարի իսկությունը չի հաստատվել

Սասկիյա վան Էյլենբուրգի` Նիդեռլանդներում հայտնաբերված դիմանկարն իրականում Ռեմբրանտ վան Ռեյնի վրձնին չի պատկանում, եզրակացրել են փորձագետները: «Չնայած նրան, որ նկարը Ռեմբրանտի ազդեցությունն է կրում, այն ցավոք նկարչի բնագիր աշխատանքը չէ»,- հայտարարել են նրանք երեքշաբթի երեկոյան հոլանդական հեռուստաալիքներից մեկի եթերում:

Ռեստավրատոր Մարտին Բեյլը և «Ռեմբրանտ» հետազոտական նախագծի ղեկավար Էռնստ վան դե Վեթերինգը կարծում են, որ կտավը կարող էր վրձնել վարպետի աշակերտներից մեկը: «Աշխատանքում մի շարք դետալներ կան, որոնք Ռեմբրանտը այլ կերպ կկատարեր»,- ասել է Բեյլը:

Հիշեցնենք, որ Սասկիայի դիմանկարը վերջերս հայտնաբերել է Հիշատակի հոլանդական մշակութային հիմնադրամը: Վերջինս նկարը ստացել է կոլեկցիոներից, որը գնել էր այն մի քանի տարի առաջ Շվեդիայում:

1968թ. մեկնարկած «Ռեմբրանտ» հետազոտական նախագիծում ընդգրկված են հոլանդացի մի շարք գիտնականներ, որոնք հետազոտում են իրենց մեծ հայրենակցի ժառանգությունն ու պարզում նրան վերագրվող աշխատանքների իսկությունը: 20-րդ դարի կեսերին նման կտավների թիվը հատել է մի քանի հազարի սահմանը: Նախագծի փորձագետների ուսումնասիրության արդյունքում դրանցից շատերի իսկությունը հերքվել է:

Մեկնաբանել