ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով չի դիմի Սահմանադրական դատարան

Ազգային ժողովի խորհրդի hունվարի 13-ի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, հետաձգվեց։ Ընդդիմադիր պատգամավորները չէին ներկայացել նիստին։

Ըստ օրենքի՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

Պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցը ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ներառելու համար հիմք էր հանդիսացել մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելը։ Այս հարցով ԱԺ խորհրդի նիստ հրավիրելը պարտադիր է, իսկ ՍԴ դիմել-չդիմելը խորհրդի որոշելիքն է։

Աժ խորհրդի այսօրվա հետաձգված նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խմբակցությունը որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան․ «Մեր որոշումն այն է, որ հնարավորություն տանք ընդդիմադիրներին գալ ԱԺ և ներկայացնել իրենց ընտրողներին»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը 2022-ի մայիսի 2-ից մինչև հունիսի 14-ը անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացրել Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ։

Փողոցային պայքարը դադարեցնելուց հետո էլ ընդդիմադիր պատգամավորներն ամիսներ շարունակ բոյկոտում էին ԱԺ նիստերը։ Ընդդիմությունը խորհրդարան վերադառնալու մասին հայտարարեց միայն 2022-ի նոյեմբերին։

Ըստ ԱԺ խորհրդի որոշման նախագծի՝ նախատեսվում է դադարեցնել Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Քրիստինե Վարդանյանի, Գեղամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանյանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի և Զեմֆիրա Միրզոևայի լիազորությունները։

Մեկնաբանել