Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվի, ասել է USAID-ի ղեկավարը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն ասել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվի։

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված են Լաչինի միջանցքով փոխադրումները։ Ամենօրյա առևտրային երթևեկությունը և մարդասիրական օգնությունը չեն կարող անարգել հոսել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի հնարավորությունը: Պետք է վերականգնվի միջանցքով ազատ տեղաշարժը»,- Թվիթերում գրել է Փաուերը։

Հունվարի 6-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Սամանթա Փաուերի հետ և ընգդծել, որ «Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը»:

Ադրբեջանը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022-ի դեկտեմբերի 12-ից փակ է պահում։

Մեկնաբանել