Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,- Ֆեյսբուքում գրել է նա։
Հունվարի 14-ին լուրեր են տարածվում, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ազատվելու է պաշտոնից։ Այսօր ավելի վաղ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը անսպասելիորեն խոսել էր նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ չբացառելով, որ ինքը ևս կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին անակնկալ հետ էր կանչել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որն անցել էր հաստատման բոլոր փուլերը և պետք է դրվեր հանրաքվեի։ Սահմանադրական բարեփոխումներով Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու էին առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: Սահմանադրության փոփոխությամբ՝ նախատեսվում էր նախագահական համակարգից անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի՝ վերականգնելով վարչապետի ինստիտուտը:
Ռուբեն Վարդանյանը Արցախի պետական նախարար է նշանակվել նոյեմբերի 4-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արտակ Բեգլարյանին։ Ռուբեն Վարդանյանը ստացել է լայն լիազորություններ, նախագահի հրամանագրով նրա անմիջական ենթակայության տակ է անցել ինը նախարարություն, մինչդեռ նախորդ պետնախարարի անմիջական ենթակայության տակ ընդամենը երեք նախարարություն էր։