Վախճանվել է Վախթանգ Կիկաբիձեն

Կյանքի 85-րդ տարում մահացել է վրացի կինոդերասան, էստրադային երգիչ, սցենարիստ, կինոռեժիսոր, երգահան, Վրաստանի ներկայիս գումարման պատգամավոր Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938-ի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ 1959-1965 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական ​​համալսարանում, 1961-1963 թվականներին՝ Օտար լեզուների ինստիտուտում։ 1959-ից Թբիլիսիի ֆիլհարմոնիկ ընկերության արտիստ էր, 1967-ից՝ «Օրերա» վոկալ-գործիքային անսամբլի մենակատար։ Նույն տարիներին Կիկաբիձեն իր դեբյուտը ունեցավ կինոյում։

1969-ին նա առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի հետ «Մի լացիր» ֆիլմում (Կարտախենայի միջազգային կինոփառատոնի տղամարդու լավագույն դերի համար մրցանակ, 1970 թ.)։ Հաջորդ Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդիները» կինոնկարն էր: 1977-ին էկրան բարձրացավ Խորհրդային Միությունում մեծ հռչակ հանած «Միմինո» ֆիլմը, որտեղ Կիկաբիձեն խաղում էր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի հետ։

Կիկաբիձեն հայերեն կատարել է նաև Ալեքսեյ Հեքիմյանի «Ես չիմացա թե ինչու, դու չիմացար, թե ինչպես» երգը։ Նա և Մհեր Մկրտչյանը դարձել էին հայ-վրացական եղբայրության յուրօրինակ խորհրդանիշ։

Կիկաբիձեի և Մհեր Մկրտչյանի հուշարձանը տեղադրված է Դիլիջանի կենտրոնում։