Նախագահը Էստոնիայում է, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է Էստոնիա, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։ Նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:

Խաչատուրյանն արդեն հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Հայ առաքելական եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։

Հանդիպմանը նախագահն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը, տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի որդեգրած սկզբունքներին։

«Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում համայնքի ներկայացուցիչները նախագահին հղել են իրենց հուզող հարցերը, բարձրացրել որոշ խնդիրներ: Քննարկում է ծավալվել նաև Հայաստանի, սփյուռքի, հայկական համայնքների և կառույցների միջև արդյունավետ ու սերտ փոխգործակցության զարգացման առարկայական հնարավորությունների և առկա ներուժի լիարժեք իրացման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել