Իրանում կանանց արգելվում է տիրապետել 77 մասնագիտության

Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը կազմել է 77 մասնագիտությունների ցանկ, որոնց տիրապետելու իրավունք կանայք այլևս չեն ունենա, հաղորդում է թուրքական Milliyet-ը:

Արգելված մասնագիտությունների ցանկում են անգլիական գրականությունը, բիզնեսը, հնագիտությունը, միջուկային ֆիզիկան, ինժեներությունը և այլն: Ըստ նախարարության` այս մասնագիտությունները հակասում են կանանց էությանը: «Մեր փորձը ցույց է տվել, որ եթե անգամ կանայք նշված բաժիններն են ավարտում, այնուամենայնիվ, հետագայում աշխատանք չեն գտնում»,- նշում են նախարարության աշխատակիցները: Մարդու իրավունքների պաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Մեծ Բրիտանիայում բնակվող իրանցի Շիրին Էբադին այս որոշումը բողոքարկելու համար դիմել է ՄԱԿ: Էբադիի կարծիքով` այս որոշումը նպատակ ունի կրճատել իրանցի կանանց իրավունքները:

Մյուս կողմից` հետքրքրական է, որ իրանական համալսարաններում ուսանողների 65%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: