Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ․ Արայիկ Հարությունյան

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ։ Միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների լուծմանը։ Այս մասին հունվարի 16-ին Արցախի Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված քայլերի մասին: Արցախի նախագահը կարևորել է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից իրականացվող աշխատանքը:

«Անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ նախագահը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը: Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հունվարի 14-ին լուրեր տարածվեցին, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ազատվելու է պաշտոնից։ Վարդանյանը, սակայն, հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Նույն օրն ավելի վաղ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը անսպասելիորեն խոսել էր նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ չբացառելով, որ ինքը ևս կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին անակնկալ հետ էր կանչել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որն անցել էր հաստատման բոլոր փուլերը և պետք է դրվեր հանրաքվեի։ Սահմանադրական բարեփոխումներով Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու էին առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: Սահմանադրության փոփոխությամբ՝ նախատեսվում էր նախագահական համակարգից անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի՝ վերականգնելով վարչապետի ինստիտուտը:

Ռուբեն Վարդանյանը Արցախի պետական նախարար է նշանակվել նոյեմբերի 4-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արտակ Բեգլարյանին։ Ռուբեն Վարդանյանը ստացել է լայն լիազորություններ, նախագահի հրամանագրով նրա անմիջական ենթակայության տակ է անցել ինը նախարարություն, մինչդեռ նախորդ պետնախարարի անմիջական ենթակայության տակ ընդամենը երեք նախարարություն էր։

Մեկնաբանել