Մասնագետներն ահազանգում են՝ բիզնեսի համար վտանգավոր փոփոխություններ են ուժի մեջ մտել

Գևորգ Թոսունյան

Հարկային համակարգում նախորդ տարվա վերջին մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք, ըստ ոլորտի մասնագետների, վիճահարույց են ու վնասում են բիզնեսին։ Այդ փոփոխությունները վերաբերում են ինչպես միկրոձեռնարկատիրությանը, այնպես էլ խոշոր բիզնեսին։ Փոփոխություններից առաջինն ընդունվել է 2022-ի նոյեմբերի 24-ին, իսկ երկրորդը՝ դեկտեմբերի 23-ին։ Այս երկու փոփոխություններն էլ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել։

Հարված միկրոձեռնարկատիրական ընկերություններին

Փաստաբան Դավիթ Ասատրյանի խոսքով՝ փոփոխություններից առաջինը վերաբերում է միկրոձեռնարկատիության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքներին ու ծառայություններին։

«Նախատեսվել է, որ միկրոձեռնարկատիության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքներից ու ծառայություններից կատարված ծախսեր չեն կարող որպես այդպիսին դիտարկվել։ Ի՞նչ է սա նշանակում։ Միկրոձեռնարկատերերը հարկ չվճարող այն սուբյեկտներն են, որոնք չեն գերազանցում շեմը։ Պետությունը դա արել է այն նպատակով, որ փոքր ձեռնարկատերերը իրենց տնտեսական գործունեության արդյունքում իրենց ընտանիքները պահելու հնարավորություն ունենան։ Միկրոձեռնարկատիրության իմաստը հենց դա է։ Այդ օրենքից հետո ստացվում է հետևյալ վիճակը. մենք ունենք շատ միկրոձեռնարկատերեր, որոնք տնայնագործական պայմաններում ապրանքներ են պատրաստում, օրինակ՝ կտորներ են սարքում, նկարներ են նկարում կամ բուսական թեյ պատրաստում և այլն։ Դրանք մատակարարում են սուպերմարկետներ ու խանութներ, որտեղից էլ ապահովվում է նրանց կենսամակարդակը»։

Ներկայում, ըստ նոր փոփոխության, սահմանվել է, որ նրանց ապրանքներն ու ծառայությունները չեն կարող նվազեցվել որպես ծախս։ Փաստաբանի խոսքով՝ այս դեպքում սուպերմարկետներն ու մյուս խանութները կխուսափեն նման ձեռնարկատերերից ապրանքներ գնել ու վերավաճառել։

«Օրինակով խոսեմ՝ 1 000 դրամանոց մի կավե կուժ միկրոձեռնարկատերը տալիս է սուպերմարկետին, որպեսզի վաճառի, վերջինս էլ ավելացնում է իր գումարը՝ ընդունենք՝ 500 դրամ ու վաճառում է՝ հասկանալով, որ 1 000 դրամը կծախսագրի, իսկ մնացած 500 դրամից հարկ կվճարի։ Տվյալ պարագայում սուպերմարկետը 1 000 դրամի համար ևս պետք է հարկ վճարի, այսինքն՝ չի կարող այն ծախսագրել, ուստի ձեռնտու չի լինի խոշոր ձեռնարկատերերին գնում կատարել նման կազմակերպությունից։ Սա էլ կբերի նրան, որ միկրոձեռնարկատերերը շուկայից դուրս կգան»,- ասաց մեր զրուցակիցը։

Փաստաբանը պարզաբանեց՝ այս օրենքի ընդունումից հետո խոշոր խանութներն ու սուպերմարկետները կնախընտրեն ապրանք ձեռք բերել ներմուծող կազմակերպություններից. «Ի՞նչ է ստացվում. մի կողմից պետությունն ասում է՝ միկրոձեռնարկատերեր, աշխատեք, ընտանիքը պահեք, հարկ մի վճարեք, մյուս կողմից ասում է՝ եթե այս ձեռնարկատերերից ապրանք են գնում սուպերմարկետները, այն չեն կարող ծախսագրել, պետք է հարկ վճարեն»։

«Ֆինքընթրոլ» ՍՊԸ հաշվապահական գրասենյակի տնօրեն Ռոման Մովսիսյանի խոսքով՝ այս փոփոխության հետևանքով նոր բիզնես սկսող անձինք մրցունակությունից զրկվելու են։

Եկամտահարկի բարձրացում, անալիտիկ հաշվառում ու ՀԴՄ-ներում ապրանքների նշում

Հաշվապահական գրասենյակի տնօրենն էլ առանձնացրեց մեկ այլ փոփոխություն, որը խնդրահարուց է։ Նրա խոսքով՝ ավելանալու է աշխատակիցների եկամտային հարկի չափը. «2023-ի հուլիսի 1-ից ընդհանուր կարգով են վճարելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտները։ Օրինակ՝ եթե անձի աշխատավարձը 200 հազար դրամ է, միկրոձեռնարկատերը նրա համար վճարում էր 5 տոկոս եկամտահարկ, իսկ ներկայում պետք է 20 տոկոս վճարի։ Սա գլոբալ հարված է նման ձեռնարկատերերի համար»,- ասաց Մովսիսյանը։

Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում է, որ ձեռնարկատերերը պարտավոր են իրականացնել անալիտիկ հաշվառում՝ իրենց գործունեության մեջ արտացոլելով հաշվեկշռային արժեքի ծախսերն ու եկամուտները։ Այս դեպքում ձեռնարկատերերը լրացուցիչ աշխատողներ պետք է վարձեն, որն իր հերթին հավելյալ բեռ է փոքր բիզնեսների համար։

«Անալիտիկ հաշվառումը ենթադրում է, որ ապրանքները մեկ առ մեկ պետք է հաշվարկվեն համապատասխան ծրագրում։ Շատ հաճախ նման դեպքերում լինում են սխալմունքներ, անհնար է իդեալական հաշվառում իրականացնել, իսկ տվյալ դեպքում հարկայինն ասում է՝ եթե չես կարող ապահովել անալիտիկ հաշվառում 25 տոկոս շահութաբերությամբ, հաշվելու ենք բիզնեսդ ու հարկերը տանենք, սա ահռելի գումար է»,- հայտնեց «Ֆինքընթրոլ» ՍՊԸ հաշվապահական գրասենյակի տնօրեն Ռոման Մովսիսյանը։

Բացի այդ, սահմանվում է, որ 24 մլն և ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկատերերի ՀԴՄ-ներում պետք է գրված լինի, թե ինչ ապրանք է վաճառվում։

«Տվյալ դեպքում յուրաքանչյուր ապրանք պետք է ներառել ՀԴՄ-ում, որը լրացուցիչ աշխատանք է ենթադրում, պետք է նոր աշխատողներ ներգրավել։ Սա խնդրահարույց է փոքր ձեռնարկատերերի համար»,- ասաց փաստաբան Դավիթ Ասատրյանը։

«Ֆինքընթրոլ» ՍՊԸ հաշվապահական գրասենյակի տնօրեն Ռոման Մովսիսյանն առաջարկում է խնդիրը դիտաիկել փոքր մրգի խանութի օրինակով. «Մի ձեռնարկատեր գնում է միրգը և վերավաճառում է Երևանում։ Տվյալ դեպքում, նա պետք է մեկ առ մեկ առանձին նշի մրգի գինը, բոլորս տեղյակ ենք, որ, օրինակ, խնձորը մեկ օր այլ գին է, մյուս օրը՝ այլ։ Տվյալ դեպքում ամեն անգամ անձը պետք է մուտք գործի ՀԴՄ և գին նշի, բացի այդ, եթե գնել է 5 տեսակ ապրանք, պետք է ամեն մեկի անունը առանձին-առաձին ձոռքով ներառի ՀԴՄ-ի մեջ ու գին-քանակ նշի։ Երկրորդ տարբերակը բիզնեսմենը պետք է հաշվապահական ծրագիր ներդնի ու կոդերով հավաքի, որպեսզի կարողանա վաճառք իրականացնել։ Սկսնակների համար տեխնիկապես անհնար է այս տարբերակը, այն նաև լրացուցիչ աշխատող է պահանջում»,- ասաց հաշվապահական գրասենյակի տնօրենը։ Նրա խոսքով՝ այս փոփոխությանը տնտեսավարողների շուրջ 70 տոկոսը չի կարող հարմարվել։

Ըստ մասնագետների՝ ներառվել է հակաիրավական դրույթ տնտեսվարողների համար

Փաստաբան Դավիթ Ասատրյանի խոսքով էլ՝ Հարկային օրենսգրքում ներառվել է մի «հակաիրավական դրույթ»։

«Նախատեսվել է, որ ստուգման ընթացքում, եթե ստուգվող օբյեկտը՝ բիզնեսի ներկայացուցիչը, հարկային մարմնին չի ներկայացնում որևէ հանգամանք կամ փաստաթուղթ, զրկվում է դա որևէ տեղ ներկայացնելու հնարավորությունից։ Սա այնքանով է հակաիրավական, որ վարչական դատարանում անձն իրավունք ունի ցանկացած փաստաթուղթ ներկայացնել՝ իր անմեղությունը հաստատելու համար։ Օրենքով սահմանել կանոն, որ դու իրավունք չունես փաստաթուղթ ներկայացնել, եթե ստուգման ընթացքում այդպիսին չես ներկայացրել, ամբողջությամբ ապօրինի է»։

Սա դեռ վերջը չէ. ըստ փաստաբանի՝ 2024-ի հունվարի 1-ից ծրագրվում է բարձրացնել բոլոր այն ԱՁ-ների հարկը, որոնք աշխատում են ընդհանուր հարկման դաշտում։

«Շահութահարկը 18-ից դառնում է 23, այսինքն՝ 5 տոկոսով բարձրացվում է։ Իհարկե, մեկ տարի ժամանակ է տրվել, սակայն այն ևս հակաիրավական է»,- նշեց Դավիթ Ասատրյանը, իսկ «Ֆինքընթրոլ» ՍՊԸ հաշվապահական գրասենյակի տնօրեն Ռոման Մովսիսյանի խոսքով՝ անտրամաբանական մի իրավիճակ է ստեղծվում, քանի որ ՍՊԸ-ների դեպքում հարկը մնում է նույնը. «Նույն ոլորտում մեկն աշխատում է որպես ԱՁ, մյուսը՝ ՍՊԸ, բայց 5 տոկոսով բարձրացվում է հարկերը ԱՁ-ի դեպքում, իսկ ՍՊԸ-ի համար մնում է նույնը։ Այս դրույթը լուրջ դժգոհության հիմք կարող է հանդիսանալ»,- նշեց Մովսիսյանը։

Մեկ այլ փոփոխությամբ կարգավորվում է ԵԱՏՄ երկրներից առևտրային գործունեությունը, մասնավորապես, հարկային դաշտ է բերվում «Վայլդբերրիզը». «Այն սահմանվում է որպես առևտրի էլեկտրոնային հարթակ ու այնտեղ վաճառվող յուրաքանչյուր ապրանքների դիմաց եռամսյակը մեկ այդ կազմակերպությունները պետք է գրանցվեն Հայաստանում, որպեսզի այդ հարթակները հարկերը վճարեն։ Սա կբերի նաև ապրանքների թանկացման, բայց և այնպես մեծ դժգոհություններ կային տնտեսվարողների կողմից, որ «Վայլդբերրիզի» պատճառով իրենք խնդիրներ են ունենում, սա դրական միտում է, որ այս կազմակերպությունները մտնում են հարկային քաղաքականության մեջ»,- հայտնեց փաստաբան Դավիթ Ասատրյանը։

Այդուհանդերձ, փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու հենց ԵԱՏՄ երկրների կազմակերպություններն են մտցվում հարկային դաշտ, երբ նույն խնդիրները կան այլ երկրների հարթակների հետ, օրինակ՝ Amazon-ի կամ eBay-ի։ Ուստի, նա կարծում է, որ այս սկզբունքը պետք է գործեր նաև մնացած պետությունների դեպքում, ոչ միայն ԵԱՏՄ երկրների։

Դրական փոփոխություն

«Ֆինքընթրոլ» ՍՊԸ հաշվապահական գրասենյակի տնօրեն Ռոման Մովսիսյանի խոսքով, այս փոփոխություններում կա մեկը, որը դրական է։

«Այն վերաբերում է անհատական բնակելի տուն կառուցապատողներին։ Ըստ նախկին դրույթի՝ ավարտական ակտը ստանալուց երկու տարվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 31-ը, անձը վաճառել է տունը, պետք է այդ գումարից 20 տոկոս հարկ մուծի, սա վերաբերում էր անհատական բնակելի տուն և բազմաբնակարան շենքեր կառուցապատողներին։ Նոր փոփոխությամբ անհատական բնակելի տուն կառուցապատողի մասով այդ դրույթը հանել են, այսինքն՝ եթե դուք սարքում եք տունն ու մի քանի օր հետո ուզում եք վաճառել, հարկ չեք մուծելու»,- նշեց Մովսիսյանը։

Մեկնաբանել