Կովկասը 2023-ին. OC Media-ի խմբագրակազմի և ընթերցողների կանխատեսումները

OC Media տարեսկզբին թե՛ իր անձնակազմին, թե՛ ընթերցողներին խնդրել է կիսվել 2023-ին տեղի ունենալիք իրադարձությունների վերաբերյալ իրենց կանխատեսումներով։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Վրաստանի արևմտյան ինտեգրացիոն հավակնություններից մինչև Հայաստան-Ադրբեջան հակամարտություն և Հյուսիսային Կովկասում քաղաքական ցնցումներ՝ այս տարվա մեր կանխատեսումներից շատերը կապված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի հետ։

Անցյալ տարի չհասցրեցինք լիովին ընկալել ռուսական ագրեսիայի հիմնարար ազդեցությունը: Caucasus Digest փոդքասթի վերջին դրվագում կարող եք ունկնդրել նախորդ տարվա՝ աշխատակազմի կանխատեսումների շուրջ անփոփումը։

OC Media-ի աշխատակազմի կանխատեսումները

Ռոբին Ֆաբրո, գլխավոր խմբագիր

Հայաստանը կթեքվի դեպի Արևմուտք։ Թավշյա հեղափոխությունից հետո ավելի ժողովրդավար Հայաստանի և գնալով ավտորիտար դարձող Ռուսաստանի հարաբերությունները սրվել են: Հայաստանը կառչել է Ռուսաստանի հետ դաշինքից՝ անվտանգության երաշխիքների պատճառով, որը, թվում էր, վերջինս ապահովում էր: Քանի որ, ինչպես պարզվեց, այս «երաշխիքները» փուչ են, Հայաստանը կորցնելու քիչ բան կունենա Ռուսաստանին լքելու և դեպի Արևմուտք կողմնորոշվելու հարցում: Սա կարող է ներառել Հայաստանի դուրս գալը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և, ինչպես եղավ Վրաստանում 2000-ականների կեսերին, Ռուսաստանի ռազմական ներկայության չեզոքացումը երկրից: Արևմուտքը, որ ուրախ է նպաստել Ռուսաստանի թուլությանը, միայն ուրախ կլինի Հայաստանին ընդունել։

Վրաստանն ավելի է գահավիժելու դեպի ավտորիտարիզմ։ «Վրացական երազանքը» կշարունակի ճանապարհով, որն իրենցից առաջ կերտել են Հունգարիայում ու Լեհաստանում նրանց նմանակաները՝ մեկ առանցքային տարբերությամբ՝ առանց ինտեգրված լինելու արևմտյան ինստիտուտներին, որոնք կարող էին նրանց հետ պահել։ Արդյունքում Վրաստանին ևս մեկ անգամ կմերժեն ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը՝ վկայակոչելով 2024-ին խորհրդարանական ընտրությունների խառնաշփոթը:

Անի Ավետիսյան, հոդվածագիր

Տնտեսական դժվարությունները Հայաստանում կպահպանվեն՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման լույսի ներքո։ Պատերազմը և ռուսների զանգվածային հոսքը երկիր կշարունակեն նպաստել գնաճի կտրուկ աճին, որն ավելի շատ մարդկանց կհասցնի աղքատության եզրին:

Հայաստանում հակառուսական տրամադրությունները կաճեն։ Երկիրը կշարունակի հայացքը ուղղել դեպի Արևմուտք, բայց Կրեմլի քաղաքական ազդեցությունը և ռազմական ներկայությունը զսպելու քիչ հնարավորություններ կունենա:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը կպահպանվի և հավանաբար կվերաճի նոր պատերազմի։ Երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը կձախողվի, և Ղարաբաղյան հակամարտությունը կշարունակի (Դամոկեսլյան սրի նման կախված) մնալ տարածաշրջանում, իսկ տեղի հայ բնակչությունը կշարունակի ենթարկվել ավելի մեծ ճնշման՝ ընդունելու Ադրբեջանի իշխանությունը: Բանակցային փակուղին կարող է Բաքվին մղել ուժով վերցնել այն, ինչ ցանկանում է:

Իսմի Աղաև, հոդվածագիր

Հայաստանն ու Ադրբեջանը հերթական լայնածավալ պատերազմի չեն գնա։ Բայց չնայած երկու երկրների միջև շարունակվող բանակցություններին, 2023-ին երկու երկրների միջև կշարունակեն դիվանագիտական վեճերը և մերթընդմերթ սահմանային բախումները:

Բաքվի ներքին և արտաքին քաղաքականությունը կախված կլինի Թուրքիայի նախագահական ընտրություններից։ Հունիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները կթելադրեն Ադրբեջանի կառավարության ձեռնարկելիք հաջորդ քայլերը, ներառյալ երկար սպասված նավթագազային նախագծերի ընթացքը:

Ադրբեջանական ընդդիմությունը կակտիվանա երկրում խորացող տնտեսական դժվարություններին զուգահեռ: Սա կդրսևորվի սոցցանցերում և փողոցային ցույցերի միջոցով՝ ազատ արտահայտվելու պահանջով: Արդյունքում երկրում իրենց քաղաքական գործունեության համար ավելի ու ավելի շատ մարդ կհայտնվի բանտերում։

Շոթա Կինչա, հոդվածագիր

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար կազմում փոփոխություն չի լինի։ Նիկա Մելիան այս տարի կվերընտրվի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ՝ չնայած կուսակցության ներսում (և դրսից) աճող մարտահրավերներին:

Սաակաշվիլին բուժում կստանա արտասահմանում։ Ազատազրկված նախկին նախագահին, այսպես թե այնպես, ի վերջո թույլ կտան լքել Վրաստանը՝ առողջությունը վերականգնելու համար։

Եվրամիության թեկնածությունը հորիզոնում է Վրաստանի համար։ Չնայած ԵՄ-ի կողմից պահանջվող հիմնական բարեփոխումների իրականացման հարցում առաջընթացի բացակայությանը, ԵՄ-ն վրացիներին չի հիասթափեցնի ևս մեկ մերժումով. Վրաստանը կստանա ԵՄ անդամակցության թեկնածությունը:

Կառավարությունը մեծ շեշտ կդնի հիդրոէներգիայի վրա։ Վրաստանի կառավարությունն ավելի մեծ չափի ՀԷԿ-եր կառուցելու հարցում վճռական է, քան երբևէ, ինչը վրդովեցնում է էկոակտիվիստներին, որոնք բողոքելու են այդ կայանների դեմ: Որոշ դեպքերում, ինչպես նախկինում, ակնկալում եմ, որ բողոքի ակցիաները կարժանանան կառավարության կոշտ արձագանքին։

Թաթա Շոշիաշվիլի, հոդվածագիր

«Միացյալ ազգային շարժումը» հաջորդը կնախագահի Լևան Խաբեիշվիլին։ Մինչ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը անցնում է ներքին տարաձայնությունների միջով, պատգամավոր Լևան Խաբեիշվիլին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի կուսակցության ներկայիս նախագահ Նիկա Մելիային:

«Թբիլիսի փրայդ» երթ չի անցկացնի։ «Թբիլիսի փրայդը» ևս մեկ անգամ կնախընտրի հանրային երթ չանցկացնել՝ վախենալով ծայրահեղ պահպանողական և ռուսամետ Alt-Info խմբավորման հնարավոր բռնություններից:

Ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում չի շնորհվի։ Սաակաշվիլիի առողջական վիճակն արդեն ամիսներ շարունակ քննարկման առարկա է, մինչ նրա իրավաբանների թիմը փորձում է հետաձգել կամ վերացնել նրա պատժաչափը՝ արտասահմանում բուժում ստանալու համար: Ոմանք նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են արել ներում շնորհել նրան, բայց ես կարծում եմ, որ ոչ նա, ոչ դատարանը դա չեն անի։

Մարիամ Նիկուրաձե, OC Media-ի համահիմնադիր

Նախագահ Զուրաբիշվիլին ապստամբելու է կառավարության դեմ։ Մենք կարող ենք ականատես լինել, թե ինչպես է Զուրաբիշվիլին ներում շնորհում նախկին նախագահ Սաակաշվիլիին՝ ի հեճուկս «Վրացական երազանքի»: Եթե նա գնա այդ քայլին, ապա իշխող կուսակցությունը նրան այդքան հեշտ չի ների։

Վրաստանում լրատվամիջոցների ազատության վիճակը ավելի կվատթարանա։ Իշխանությունը կշարունակի իրավական և ֆինանսական ճնշումներ գործադրել ընդդիմադիր և քննադատող լրատվամիջոցների վրա։ 2021-ի հուլիսի 5-ին լրագրողների հանդեպ բռնության հեղինակները կմնան ազատ և անպատիժ, լրագրողների վրա փողոցներում ավելի շատ հարձակումների ականատես կլինենք։

Թբիլիսի-Կիև հարաբերությունները կմնան անհարմար և լարված։ Հակաարևմտյան տրամադրությունները կխորանան ինչպես կառավարության, այնպես էլ «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների շրջանում: Իշխող կուսակցությունը կհնչեցնի վիճելի դիրքորոշումներ և խնդրահարույց օրինագծեր կներկայացնի «հեռացածների»՝ «Վրացական երազանքի» մի խումբ անդամների շուրթերով, որոնք իբր լքել են կուսակցությունը՝ «ավելի ազատ խոսելու» համար։

Սալոմե Խվեդելիձե, ծրագրերի պատասխանատու

2023-ին ևս Վրաստանը չի ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և դա զարմանալի չի լինի։ Վրաստանի կառավարությունը հապաղում է Եվրահանձնաժողովի սահմանած առանցքային բարեփոխումների իրականացման հարցում, որոնք, հավանաբար, կրկին կխոչընդոտեն երկրի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալուն:

Վրաստանում բողոքի ցույցեր կլինեն այն բանից հետո, երբ կառավարությունը չկարողանա ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Չնայած բողոքի ցույցերից հոգնածությանը, որ համակել է վրացական հասարակությանը, ԵՄ անդամակցության հայտը կկարողանա համախմբել վրացական հասարակության տարբեր շերտերի՝ հանգեցնելով երկրի՝ վերջին ժամանակներում ամենամեծ ցույցերին:

Դոմինիկ Կագարա, համահիմնադիր

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայացքը կհառի դեպի անկախություն։ Օգտագործելով Չեչնիայի բնակչության անկախության վաղեմի երազանքը՝ Կադիրովը գնալով իր հանրապետությանը ավելի է կողմնորոշելու դեպի ինքնորոշում՝ Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական և սոցիալական լարվածության աճի ֆոնին: Դրանով նա կփորձի խուսափել թուլացած Կրեմլի հրահրած քաղաքացիական պատերազմից և վտարանդի իչկերացիներից կխլի նրանց լեգիտիմությունը։

Մոսկվան կաջակցի Լեռնային Ղարաբաղի ինտեգրմանը Ադրբեջանին՝ Հարավային Կովկասում իր դիրքերը պահպանելու համար։ Կրեմլը շահագրգռված չէ աջակցել Հայաստանին. ընդհակառակը, թույլ ու հուսահատ Հայաստանին ավելի հեշտ է կառավարել։ Այնուամենայնիվ, Հայաստանում կշարունակի աճել հանրային աջակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Յուսեֆ Բարդուկա, խմբագիր

Հյուսիսային Կովկասում կխորանան հակակրեմլյան տրամադրությունները։ Ուկրաինայի պատերազմը կգործի որպես տարածաշրջանում ապագաղութացման շարժումների և այլախոհական գործունեության խթանիչ, ինչի մասին են վկայում 2022-ի մոբիլիզացիայի դեմ ցույցերը և Կիևի կողմից անկախ Չեչնիայի ուղղակի ճանաչումը:

Ուկրաինան ի վերջո կճանաչի չերքեզների ցեղասպանությունը… և ապարդյուն: Չնայած Ուկրաինան ձգտում է ավելի խորը կապեր հաստատել հյուսիսկովկասյան այս ժողովրդի հետ, չերքեզները, որոնց մեծամասնությունը ապրում է սփյուռքում, քաղաքական և սոցիալական առումներով կմնան բևեռացված և չեն օգտագործի 19-րդ դարի ցեղասպանության՝ Կիևի կողմից ճանաչումը։

Հոդվածագիր Աբխազիայից

Պիցունդայի խիստ վիճահարույց համաձայնագիրը կվավերացվի, նույնիսկ որոշակի փոփոխություններից հետո։ Խորհրդային ժամանակների այս պետական ամառանոցը Ռուսաստանին հանձնելը զայրույթի ալիք կառաջացնի ընդդիմության և քաղաքացիական հասարակության շրջանում, բայց նրանք շատ բան չեն կարող փոխել։ Աբխազիայում իշխանության ուղղահայացը շատ կուռ է, և բացի այդ, իշխանություններն իրենց համար ապահովել են առավելագույն ֆիզիկական անվտանգություն՝ կառավարական շենքերի համալիրը բարձր պարսպապատելով և զրահապատ դռներ տեղադրելով նախագահի աշխատակազմի և նախարարների նստավայրի մուտքի մոտ։

Աբխազիան ամբողջությամբ կախված կլինի ռուսական էներգակիրներից։ 2022-ին Աբխազիան պայքարում էր լուծելու հրատապ էներգետիկ ճգնաժամը՝ փոխարենը հույսը դնելով ռուսական էներգակիրների վրա: Աբխազական քաղաքներն ու բնակավայրերը Ինգուրի ՀԷԿ-ին կապող բարձրավոլտ գիծը չի գործի և կմնա վերանորոգման փուլում։

Այլևս ոչ մի կամավոր չի ուղևորվի Ուկրաինա պատերազմելու։ Պատերազմը գնալով նվազ ժողովրդական է դառնում աբխազ հասարակության շրջանում։ Միևնույն ժամանակ, աճում է հանրային մտավախությունը, որ Վրաստանը կարող է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ՝ ռազմական գործողություններ սկսելով Աբխազիայում։

Աբխազա-վրացական հարաբերություններում կպահպանվի ստատուս քվոն, քանի որ Աբխազիայում այս հարցն այնքան քաղաքականացված է, ոչ մի նոր քայլ չի քննարկվի ո՛չ հասարակության, ո՛չ էլ իշխանությունների կողմից։

Ընթերցողների կանխատեսումները

Երբ արդեն մեկնարկել է 2023-ը, մենք առաջին անգամ հարցում կազմակերպեցինք մեր ընթերցողների շրջանում, թե ըստ իրենց՝ ի՞նչ կարող է բերել գալիք տարին Կովկասին։

Մեր ընթերցողները բազմազան են՝ ակադեմիականներ, ակտիվիստներ, լրագրողներ, ինչպես նաև պարզապես Կովկասում ապրող կամ տարածաշրջանի հետ կապեր ունեցող մարդիկ, և մեր ստացած պատասխանները արտացոլում էին հեռանկարների և գիտելիքների այս բազմազանությունը: Հարցերն ընդգրկում էին հետևյալ թեմաները՝ հակամարտություն, տեղական քաղաքականություն, տնտեսություն և կոնկրետ ազգային և տարածաշրջանային խնդիրներ:

Հակամարտություն

2022-ին հակամարտության սուրը կախված էր տարածաշրջանի վրա։ Թեև միջազգային լրահոսում գերիշխում էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, այն նաև անմիջական ազդեցություն ունեցավ Հյուսիսային Կովկասի վրա, որտեղ մոբիլիզացիան առաջացրեց ինչպես անձնական կորուստներ, այնպես էլ հանրության շրջանում բողոքներ: Այն նաև անուղղակի, բայց հսկայական ազդեցություն ունեցավ Հուսիսային Կովկասի վրա, որտեղ ռուսական ներգաղթի ալիքները թանկացրին ապրուստը և վերափոխեցին հասարակական կյանքը:

2022-ի երկրորդ կեսին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա հանգեցրեց խոշոր ռազմական հակամարտության Լեռնային Ղարաբաղից դուրս: Մեր ընթերցողները հակասական կարծիքներ ունեին այն մասին, թե ինչ ընթացք կունենան այդ և այլ հակամարտությունները 2023-ին:

Ինչ վերաբերում է Կովկասում ռազմական սրացման հնարավորությանը, մեր ընթերցողներն առավելապես լավատես են․ 58%-ը կարծում է, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական բախումներ չեն լինի, իսկ 42%-ը կարծում է, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։

Ընթերցողները նաև տարակարծիք են այն հարցում, թե ինչպիսին կլինի 2023-ը Լեռնային Ղարաբաղի և Հայաստան-Ադրբեջան հակամարտության համար: Հարցվածների մոտ կեսը (52%) կարծում է, որ 2022-ի դեկտեմբերի ստատուս քվոն կպահպանվի։ Այնուամենայնիվ, 42%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը։ 26%-ը կարծում է, որ այն չի ունենա ինքնավարություն կամ հատուկ կարգավիճակ, իսկ ընթերցողներից մեկը ենթադրում է, որ Ադրբեջանը ձեռք կբերի ավելի շատ տարածքներ տարածաշրջանում:

Չնայած մանրամասների հետ կապված տարաձայնություններին, ընթերցողների երեք քառորդը կարծում է, որ հնարավոր կլինեն ուղևորա-բեռնափոխադրումներ Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար էքսկլավի միջև: Կեսից ավելին կարծում է, որ կլինի երկու շրջանները կապող հատուկ ճանապարհ. 27%-ը կարծում է, որ ճանապարհը կլինի Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ոչ թե ռուսական (16%) կամ հայկական (9%):

Ընթերցողների մեծ մասը (82%) կարծում է, որ ռուսական խաղաղապահ ուժերը կմնան Լեռնային Ղարաբաղում, իսկ մյուս մասը կարծում է, որ տարեվերջին Հայաստան-Ադրբեջան սահմանին կմնա Եվրամիության դիտորդական առաքելությունը։

Ընթերցողների ճնշող մեծամասնությունն ակնկալում է, որ Աբխազիայի (86%), Հարավային Օսիայի (91%) և Չեչնիայի (91%) կարգավիճակի փոփոխություն չի լինի, թեև մի քանի ընթերցողներ ակնկալում են, որ մինչև տարեվերջ Աբխազիան կդառնա անկախ պետություն՝ ճանաչված ՄԱԿ-ի անդամ երկրների նշանակալի մասի կողմից։

Տեղական քաղաքականություն

Թեև ընթերցողների 20%-ը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է պաշտոնաթող լինել մինչև 2023-ի վերջ, շատ քչերն են կարծում (3%), որ նույնը հավանական է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Ավելի քան երեք քառորդը (77%) կարծում է, որ Վրաստանում իշխանության կմնա «Վրացական երազանքը»։

Նման կոնսենսուս կա Ռամզան Կադիրովի` Չեչնիայի ղեկավարի պաշտոնում մնալու վերաբերյալ, և միայն 12%-ն է կարծում, որ նա կարող է հեռանալ իշխանությունից՝ հանրապետության ղեկավարումից գրեթե 16 տարի անց:

Ընթերցողների կարծիքները, սակայն, զգալիորեն տարբեր էին այլ հարցերի շուրջ․ 57%-ը կարծում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սաակաշվիլին մինչև 2023-ի վերջը չի լինի Վրաստանի բանտում, մինչդեռ 43%-ը կարծում է, որ կլինի:

Ընթերցողների 41%-ը կարծում է, որ Նախիջևանը կկորցնի պաշտոնական ինքնավարությունը, և որ հայ-թուրքական սահմանը կբացվի (45%) մինչև տարեվերջ։ Ընթերցողների կարծիքները բաժանվել են 50-50-ի այն հարցի շուրջ, թե արդյոք Աբխազիան վերջնականապես կձևակերպի Պիցունդա ամառանոցը Ռուսաստանին փոխանցելու համաձայնագիրը՝ մի խնդիր, որը 2022-ին գերակա էր Աբխազիայի քաղաքականության մեջ:

Ընթերցողների մեծ մասը, սակայն, կարծում է, որ մեծ փոփոխություններ չեն սպասվում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության, Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի բացակայության և Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս մնալու հարցում․ ընթերցողների համապատասխանաբար 66%, 75% և 82%-ը կարծում է, որ այդ երկրները 2023-ը կավարտեն տարեսկզբի նույն դիրքերով։

Տնտեսություն

Տնտեսության վերաբերյալ բաժինը ներառում էր մեկ խորամանկ հարց, որը ընթերցողներից քչերն են նկատել. ի տարբերություն լարիի, դրամի և ռուբլու՝ Ադրբեջանի մանաթը ուղղակիորեն կապված է դոլարի հետ՝ 1,70 մանաթ/1 դոլար փոխարժեքով: Հարցվածների կեսից ավելին կարծում է, որ դրամի, լարիի, մանաթի և ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ կնվազի, իսկ 20-30%-ը կարծում են հակառակը։ Հարցվածների 18%-ն էլ կարծում է, որ մանաթի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ, կմնա անփոփոխ։

Այլ

Ընթերցողների կեսից ավելին (63%) ակնկալում է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները, որոնք փակ են COVID-19-ի առաջին ալիքից ի վեր, կվերաբացվեն։ Այդքան տոկոս էլ ակնկալում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի ազատությունը Հարավային Կովկասում կգնահատի որպես նվազած (59%), իսկ 34%-ն ակնկալում է, որ համաթիվը կմնա նույնը: Միայն 7%-ն է կարծում, որ 2023-ին համաթիվը կարող է աճել։

Ընթերցողները նաև ակնկալում են ռուսական ներգաղթի ևս մեկ ալիք դեպի Կովկաս։ 68%-ը կարծում է, որ գալիք տարում Վրաստանը և Հայաստանը կարող են ականատես լինել ռուսաստանցիների նոր մեծ ներհոսքի:

Ընթերցողները ակնկալում են, որ 2017-ին Վրաստանում առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգողները կբացահայտվեն։ Նրանք տարակարծիք են այն հարցի շուրջ, թե արդյոք «Թբիլիսի փրայդը» հանրային երթ կանցկացնի (44%) կամ չի անցկացնի (56%) 2023-ին։

Ընթերցողների առաջարկները

Ի վերջո, մենք ընթերցողներին առաջարկեցինք տալ իրենց տարբերակները, թե կոնկրետ ինչ իրադարձություններ են ակնկալում Կովկասում 2023-ին: Ընթերցողները ենթադրում են, որ Էրդողանը կպարտվի ընտրություններում, ինչը կհանգեցնի Ադրբեջանին Թուրքիայի աջակցության անկմանը, կամ՝ որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան Էրդողանի հաղթանակից հետո: Մյուսները ենթադրում են, որ Պուտինը պաշտոնանկ կլինի, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում կավարտվի, հակամարտություն կարող է առաջանալ Իրանի մասնակցությամբ, և Բաթումի Դինամոն «այս տարի կնվաճի լիգան»:

Բայց մի ընթերցող, որն ակնհայտորեն հոգնել էր հարցումից, ամփոփել է այն, ինչ մտածում են շատերը․ «Այլևս ոչ մի կանխատեսում: Հուսանք՝ 2023-ը կլինի ավելի լավը, քան նախորդ երկու տարիները…»:

Մեկնաբանել