Միրզոյանն ու Գուտերեշը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հունվարի 16-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

«Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար ԼՂ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Մեկնաբանել