Ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, կարծում է ՀՀ նախագահը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագահը հայտարարել է հունվարի 16-ին, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Խաչատուրյանի խոսքով՝ մինչ միջանցքի փակումը ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները հստակ կատարել են. մի քանի դեպք է եղել երկու տարվա ընթացքում, որոնք արագ լուծվել են:

«Մինչ դեկտեմբերի 12-ը միջանցքը հստակ աշխատում էր, իսկ հիմա, ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ մենք հիմա նրանց նկատմամբ պահանջ ունենք: Ադրբեջանի նկատմամբ ևս ունենք, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց մենք հույս ունենք, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել»,- նշել է նա։

Նախագահը հիշեցրել է, որ միջանցքով ամեն օր 300-ից 400 մեքենա է անցել՝ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության համար ապահովելով կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ, իսկ շրջափակումից հետո ընդամենը 400 մեքենա է այդ միջանցքով անցել՝ հումանիտար նպատակով:

«Այսօր այնտեղ կարևոր սննդամթերքը կտրոններով է տրվում. ուղղակի խանութներում վաճառելու բան չկա: Պետությունն իր ռեզերվներից է տալիս: Շատ դպրոցներ, մանկապարտեզներ պարզապես փակ են, քսան օր առաջ հոսանքն անջատվեց. հոսանքի մատակարարումը Հայաստանից է իրականացվում: Այդտեղ վթար է եղել, չեն թողնում, որ վերականգնվի»,- իրավիճակը ներկայացրել է նա:

Ադրբեջանը 2022ի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը:

Մեկնաբանել