Թբիլիսիի դատարանը նվազեցրել է լրագրողների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակված անձանց պատիժը

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի Քաշվեթի եկեղեցու մոտ մի խումբ լրագրողներ հարձակման են ենթարկվում։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Շոթա Կինչա, OC Media

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը 2021-i հուլիսին ԼԳԲՏ համայնքի դեմ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար դատապարտված վեց մարդու պատժաչափը հինգից կրճատել է չորս տարվա։

Նշված վեց տղամարդիկ ներգրավված են եղել «Փիրվելի» հեռուստաընկերության լրագրող Միրանդա Բաղատուրիայի և օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի վրա հարձակման մեջ: Լաշկարավան, որը հարձակման ժամանակ ստացել էր դիմոսկրի կոտրվածքներ և ուղեղի ցնցում, հարձակումից մի քանի օր անց մահացել է, թեև պաշտոնական դիահերձման մեջ, որը հրապարակվել է միջադեպից վեց ամիս անց, ասվում է, որ նա մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից:

Երկուշաբթի կայացված վճռով Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել է Թբիլիսիի քաղաքային դատարանի 2022 թ․ ապրիլի որոշումը, որով Լաշկարավայի և Բաղատուրիայի վրա հարձակվելու համար Ակակի Նակաշիդեն, Թոռնիկե Դավլաշերիձեն, Դավիթ Կութալաձեն, Օթար Գելասվիլին, Ցոտնե Չիխլաձեն և Գիա Գիգուաշվիլին դատապարտվել էին հինգ տարվա ազատազրկման։

13 հուլիսի, 2021 թ․։ Լրատվամիջոցների աշխատակիցները տեսախցիկներով կազմված միջանցքով և երկար ծափահարությունների ներքո հրաժեշտ են տալիս Ալեքսանդր Լաշկարավային: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media:

Մեղադրանքի «խմբակային բռնությանը մասնակցելու» մասով Վերաքննիչ դատարանի դատավոր Մայա Տետրաուլին հիշյալ վեց տղամարդկանց արդարացրել է։

Անկարագությունները հիմնականում համակարգվում էին ծայրահեղ աջակողմյան «Ալտ Ինֆո» խմբավորման կողմից իրենց պատկանող հեռուստաընկերության և սոցիալական ցանցերում, որտեղ խմբի ղեկավարները ցուցարարներին ուղղորդում էին, թե ուր գնալ:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նրանց դատավճիռների այն հատվածը, որով վերջիններս մեղադրվում են դիտավորությամբ պակաս ծանր մարմնական վնասվածք հասցնելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը միջամտելու և անձի մասնագիտական գործունեությամբ պայմանավորված բռնություն գործադրելով նրան հետապնդելու համար:

Դատավոր Տետրաուլին նաև մերժել է դատախազության միջնորդությունը, որով վեց դատապարտվածներից Չիխլաձեին մեղադրանք էր ներկայացվում նաև վրացական հանրային հեռարձակողի օպերատոր Իլիա Տվալիաշվիլիի առողջությանը դիտավորությամբ լուրջ վնաս պատճառելու համար։ Հարձակման հետևանքով Տվալիաշվիլին կորցրել է տեսողությունը։

Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Իլիա Տվալիշվիլիին ոստիկանները տանում են Ռուսթավելի պողոտայում։ Լուսանկարը՝ Publika-ի։

«Error 404. արդարություն չի գտնվել»,- Վերաքննիչ դատարանի որոշման մասին լուրն այսպես է մեկնաբանել է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Tbilisi Pride կազմակերպությունը, որը ծրագրել էր 2021 թ․ հուլիսի 5-ին երթ անցկացնել Թբիլիսիում։

Դատախազությունը խոստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը վիճարկել Գերագույն դատարանում։

Այնուամենայնիվ, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան կազմակերպությունը կասկածի տակ է դրել անկարգությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու դատախազության հանձնառությունը: Կազմակերպությունը Վերաքննիչ դատարանի վճիռն անվանել է «ատելություն տարածող խմբերի կողմից իրականացվող բռնությունների նկատմամբ անպատժելիության համախտանիշի խրախուսման ևս մեկ օրինակ»։

«Կարևոր է ընդգծել, որ դա նույն դատախազությունն է, որը կոծկում է բռնության հիմնական կազմակերպիչներին»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։

GYLA-ն և տեղական իրավապաշտպան այլ խմբերը, ինչպես նաև Վրաստանի հանրային պաշտպանը բազմիցս կոչ են արել հետաքննություն անցկացնել և պարզել, թե «Ալտ Ինֆո»-ի ղեկավարությունն ինչ դեր է ունեցել հուլիսի 5-ի բռնությունների ժամանակ, սակայն դատախազությունը հրաժարվել է դա անել:

«Ալտ Ինֆո» ծայրահեղական խմբավորման կազմակերպած անկարգությունների համար Վրաստանի դատական իշխանությունները սկզբում մեղադրանք էին ներկայացրել 27 անձի։ Բռնարարքների կազմակերպիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Անկարգությունների ժամանակ «Ալտ Ինֆո»-ի անդամները տակնուվրա էին արել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հակակառավարական ցուցարարների վրանները, փորձել էին հետապնդել և հարձակվել ԼԳԲՏ համայնքների իրավունքների պաշտպանությանն ուղղված երթի կազմակերպիչներին և աջակիցների, ինչպես նաև հարձակվել միջադեպը լուսաբանող լրատվամիջոցների աշխատակիցների վրա:

Առնվազն 53 լրագրող վնասվածքներ էր ստացել բռնարար ամբոխի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով, դրանից հետո ոմանք ֆիզիկական կամ հոգեբանական տրավմայի պատճառով չեն կարողացել շարունակել աշխատանքը:

Լաշկարավայի մահվանից անմիջապես հետո նրա գործընկեր Միրանդա Բաղատուրիան այլևս չի զբաղվում լրագրությամբ։

Մեկնաբանել