Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

gaz 4

18:48

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին:

«Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները»,- ասված է ընկերության հայտարարությունում։

***

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, հայտնում է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Առաքելյանը։

Գազամատակարարման դադարեցման մասին տեղեկությունը հաստատում է նաև Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ»,- ասված է հայտարարությունում։

2022-ի դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Երեք օր անց՝ դեկտեմբերի 16-ին, գազամատակարարումը վերականգնվել էր։

Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին Ադրբեջանը արդեն իսկ կրկնակի անջատել էր Արցախի գազամատակարարումը։

2023-ի հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Քանի որ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, իսկ Արցախի էներգետիկ հզորությունները չեն բավարարում ներքին պահանջարկը լրացնելու համար, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է հովհարային անջատումներով:

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 37 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել