Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել գազամատակարարման դադարեցման հետ կապված

Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված հրատապ խորհրդակցություն է հրավիրել, հայտնում են պետնախարարի աշխատակազմից։

«Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ից, Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։

Հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Արցախում էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ հովհարային անջատումներով:

Մեկնաբանել