ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է գլխավոր դատախազությունը։

«Հ.Բ.-ն, 2014-ից մինչև 2020-ի դեկտեմբերը, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, հաշվետու ժամանակահատվածում իր անձնական հաշվեկշռին ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Հ.Բ.-ն, թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա վերոնշյալ տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր կողմից ներկայացված հայտարարագրերում»,- ասված է հաղորդագրությունում։

2023-ի հունվարի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հոդվածներով։