Կառավարությունը առաջարկում է տարբերակ՝ նորակառույցներն առանց գազի չթողնելու համար

Գևորգ Թոսունյան

Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Նման տեղեկատվություն է կառավարությանը տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Խնդիրը լուծելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մշակել ու իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում շրջանառել է նախագիծ։

«Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով քաղաքաշինական ու տեխնիկական հնարավոր լուծումների համադրմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ուսումասիրվել է տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով 4 կողմնատար գազատարների, գազի ճնշման կարգավորման հանգույցների նոր գազաբաշխիչ կայանների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ»,- նշված է նախագծում։

Նախարարությունն առաջարկում է գազի ճնշման կարգավորման 4 նոր հանգույցներ կառուցել։

Նշվում է, որ նախնական խոշորացված ցուցիչներով կպահանջվի շուրջ 20 մլրդ դրամ ներդրում (առանց ԱԱՀ).

«I փուլ – Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված – 5.3 մլրդ դրամ (առանց ԱԱՀ)

II փուլ – Երևան քաղաքի Արևելյան հատված – 2.0 մլրդ դրամ (առանց ԱԱՀ)

III փուլ – Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված – 8.9 մլրդ դրամ (առանց ԱԱՀ)

IV փուլ – Երևան քաղաքի Հարավային հատված – 3.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ)»։

Ըստ գերատեսչության՝ նշված առաջարկի իրագործումը հնարավորություն կտա կրճատել ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ իրականացվող ընդհանուր ծախսերը, նվազագույնի հասցնել (կամ ընդհանրապես բացառել) սակագնի վրա ազդեցությունը և ապահովել մատակարար ընկերության կողմից ստեղծված ենթակառուցվածքների պատշաճ շահագործումը։

«Աշխատանքների արդյունքում ենթակառուցվածքներ կստեղծվեն Երևան քաղաքի ողջ տարածքում: Առաջարկվող ծրագրերով գազամատակարարման ցանցին արդյունավետ կարգով միանալու հնարավորություն կստանան արդեն իսկ տեխնիկական պայմաններ ստացած 390 օբյեկտներ ընդհանուր շուրջ 216 500 խմ/ժ սպառմամբ»,- նշվում է նախագծում։

Ամրագրվել է նաև, որ «նմանատիպ աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են մատակարար ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակում», սակայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից գերատեսչությանը հայտնել են, որ ընկերությունն առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրն իրականացնում է համաձայն մշակված ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երևան քաղաքի պահանջարկի բավարարման նպատակով գազաբաշխիչ կայանների և գազատարերի կառուցում ներառված չէ։

«Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ նշված սխեմայով նախատեսված աշխատանքներից դուրս այլ ուղղություններով ներդրումների իրականացումը խնդրահարույց է»,- ասված է նախագծում։

Մեկնաբանել