Ռուսաստանում ջրի ծորակից օղի չի հոսում, փողոցներում էլ արջեր չկան. Կուրանյի

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կևին Կուրանյին գերմանական լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է ռուսական Պրեմիեր լիգայի, ինչպես նաև Մոսկվայի կյանքի մասին:

Այսօր երեկոյան «Դինամոն» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կհանդիպի «Շտուտգարտի» հետ, որտեղ Կուրանյին սկսել է իր կարիերան:

«Այստեղ ոչ միայն իմ ընտանիքն է ապրում, այլև` կնոջս հարազատները: Շտուտգարտում բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ էլ ունեմ, այդ պատճառով հաճախ եմ լինում այստեղ: Սա է իմ հայրենիքը և հենց այստեղ եմ պատրաստվում ապրել կարիերաս ավարտելուց հետո:

Երբ ես գնացի «Դինամո», թիմն աղյուսակի միջնամասում էր, իսկ վերջում զբաղեցրինք 7-րդ տեղը: Նախորդ մրցաշրջանում 4-րդն էինք: Զիջեցինք միայն Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» և մոսկովյան 2 թիմերին` «Սպարտակին» ու ԲԿՄԱ-ին, բոլորն 3-ն էլ եվրոպական մակարդակի բարձրակարգ թիմեր են: Չեմ կարծում, թե Բունդեսլիգայի և ռուսական Պրեմիեր լիգայի միջև շատ են տարբերությունները:

Ինչպե՞ս եմ ապրում Մոսկվայում: Շատ սովորական, այնպես, ինչպես ընտանիքներն ապրում են Գերմանիայում, թեև մինչև գալս, ինչ ասես, որ չէի լսել: Արջեր փողոցներում, ջրի ծորակից հոսող օղի և միշտ 40 աստիճան սառնամանիք: Այդ ամենն անհեթեթություն է: Միակ զգալի տարբերությունը մեքենաների հոսքն է: Եթե դուք սխալ պահին սխալ տեղում եք հայտնվել, ապա կարող եք օրվա կեսն ավտոմեքենայում անցկացնել»,- Կուրանյիի խոսքերն է մեջբերում R-Sport-ը:

Մեկնաբանել