19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է Արցախ․ Գեղամ Ստեփանյան

Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

«Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքները փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է»,- տեղեկացնում է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները հեռացվել են մեքենայից ռուս խաղաղապահների ձեռնարկված գործողությունների արդյունքում։

«Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքին կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողություններն ամբողջությամբ բացահայտում են նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։ Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին»,- նշում է Արցախի ՄԻՊ-ը։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել