Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Հունվարի 18-ի առավոտյան Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը: Այս մասին հայտնում է Արցախգազը»,- ասված է հայտարարությունում։

Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանը կրկին արգելափակել էր Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը, գազամատակարարումը վերականգնվել էր ժամը 18:30-ի սահմաններում։

Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։

***

2023-ի հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Քանի որ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, իսկ Արցախի էներգետիկ հզորությունները չեն բավարարում ներքին պահանջարկը լրացնելու համար, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է հովհարային անջատումներով:

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել