Ադրբեջանը նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին

Հունվարի 17-ին Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը:

«Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ․ «Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ֊ն՝ իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում»,- նշում են ԱԳՆ-ից։

Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Մեկնաբանել