Ինչ տեղի ունեցավ Արցախում հունվարի 14-15-ին․ Հարությունյան-Վարդանյան պայքարի պատճառները

Հունվարի 14-ին ու 15-ին Արցախում բուռն ներքաղաքական իրադրաձություններ են տեղի ունեցել, որոնք գտնվում էին նաև հայաստանյան լրատվական ու վերլուծական դաշտերի ուշադրության կենտրոնում: Հունվարի 14-ի երեկոյան հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ու տելեգրամյան ալիքներ սկսեցին գրել այն մասին, որ Արցախում որոշում է կայացվել Ռուբեն Վարդանյանին ազատել պետնախարարի պաշտոնից:

«Առավոտ» օրաթերթը, հղում անելով արցախյան իր աղբյուրին, գրեց, որ Վարդանյանի հրաժարականի պահանջ է դրել Ադրբեջանը: Ըստ «Առավոտ»-ի` Բաքվին նյարդայնացրել էր այն հանգամանքը, որ Վարդանյանի նախաձեռնությամբ զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Վիտալի Բալասանյանը: Լրատվամիջոցի հրապարակած նյութի մեջ նշվում էր նաև, որ Ադրբեջանի իշխանությունների պահանջով պետնախարարի պաշտոնում է նշանակվելու «Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Նագիևի համար գերադասելի` Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, որը հաճախ այցլելում է Շուշի»:

Հատկանշական է, որ այս հրապարակումներից ժամեր առաջ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Արցախպրես» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը:

Կեսգիշերին մամուլում շրջանառվող այս հրապարակումներին իր ֆեյսբուքյան էջի միջոցով արձագանքել է Ռուբեն Վարդանյանը` հայտարարելով, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Վարդանյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված էր. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»:

Հունվարի 15-ին ևս ակտիվ խոսակցություններ էին ընթանում այն մասին, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ստորագրել Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու որոշումը: Այնուամենայնիվ, հունվարի 17-ին իրավիճակը, կարծես թե, որոշակիորեն կայունացել է: Արայիկ Հարությունյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարել է, որ Արցախում ներքաղաքկան ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ: Եվ որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներքաղաքական իրավիճակը Արցախում շարունակում է լարված մնալ:

Վերջին օրերի ընթացքում հայաստանյան վերլուծական դաշտում բազմաթիվ թեզեր են հնչեցվել Արցախում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս թեմայով փորձագիտական կարծիք արտահայտողների մեծամասնությունը Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծված իրավիճակը բացատրում է աշխարհաքաղաքական բնույթի տարբեր վարկածներով` շեշտը դնելով արտաքին ճնշումների առկայության վրա:

Այնուամենայնիվ, այս ճգնաժամի պատճառները ներքաղաքական են: Արցախում իշխանական լծակների նկատմամբ վերահսկողության համար պայքար է ընթանում, որը արդեն արդեն իսկ նմանատիպ հրապարակային դրսևորումներ է ստանում:

Նոյեմբերի սկզբին Վարդանյանին նշանակելով պետնախարարի պաշտոնում` Արայիկ Հարությունյանը, կարծես թե, ի շարս այլ խնդիրների, փորձում էր լուծել նաև իր կառավարության լեգիտիմության խնդիրը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո նախագահ Հարությունյանը հայտարարել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ է կազմակերպելու և չի մասնակցելու այդ ընտրություններին: Արտահերթ ընտրություններ կազմակերպելու օրակարգը Արցախում գոյություն ուներ ընդհուպ մինչև Վարդանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում: Այդ օրակարգը կյանքի կոչելու համար էր 2022 թվականի սկզբին նախաձեռնվել նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

Վարդանյանի նշանակումից հետո սահմանադրական փոփոխությունների և արտահերթ ընտրությունների օրակարգերը հետին պլան մղվեցին: Նոյեմբերի 23-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում` Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Վարդանյանին պետնախարարի պաշտոնում նշանակելուց և նրան լայն լիազորություններով օժտելուց հետո արտահերթ ընտրությունների թեման այլևս արդիական չէ:

Այնուամենայնիվ, վերջին երկուսուկես ամսվա ընթացքում տեղի ունեցան գործընթացներ, որոնք հիմք դարձան Արցախում ներքաղաքական ճգնաժամի համար: Ռուբեն Վարդանյանը իր նշանակումից հետո աստիճանաբար դարձավ Արցախի դե ֆակտո ղեկավարը: Նա իր վրա վերցրեց ոչ միայն պետական կառավարումը իրականացնելու գործառույթը, այլև արտաքին աշխարհի կողմից սկսվեց դիտարկվել որպես Արցախի քաղաքական առաջնորդը:

Ավելին, Վարդանյանը սկսեց նաև Արցախում իշխանական ռեսուրսների մոբիլիզացիայի փորձ: Այսպես, Արման Հակոբջանյանը, որը 44-օրյա պատերազմից հետո Արցախի գլխավոր իշխանամերձ գործածարն էր, դարձավ Ռուբեն Վարդանյանի թիմակիցը: Հակոբջանյանը նշանակվեց պետնախարարի խորհրդականի պաշտոնում և մինչև այս ճգնաժամը լրջագույն դերակատարություն ուներ որոշումների կայացման գործընթացում։ Հատկանշական է, որ մինչ այդ Հակոբջանյանը Հարությունյանի թիմի անդամն էր և մեծ ներդրում է ունեցել 2020 թվականի նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի հաղթանակում:

Այս զարգացումները, ամենայն հավանականությամբ, լուրջ մտահոգություններ են առաջացրել Արայիկ Հարությունյանի ու նրա թիմի մոտ: Բացի այս գործոններից, Արցախի իշխող շրջանակներում վերջին շաբաթների ընթացքում լուրջ դժգոհություններ են հասունացել նաև Վարդանյանի գործողությունների ու գործելաոճի առնչությամբ: Ստեփանակերտի վերնախավի մի մասի մոտ կա ընկալում, որ Վարդանյանը իր չհաշվարկված հայտարարություններով ավելի է բարդացնում իրավիճակը: Կա դժգոհություն նաև Վարդանյանի կառավարչական աշխատանքի հետ կապված: Այս հակասությունների գագաթնակետը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանի ազատումն էր, որը նախաձեռնել է Ռուբեն Վարդանյանը: Բալասանյանը գլխավոր բանակցողն էր Ադրբեջանի հետ և նրա հեռացման պատճառով Լաչինի միջանցքի բացման շուրջ Բաքվի հետ բանակցություններ վարելու հավանականությունը զգալիորեն նվազել է:

Հունվարի 14-ի ու 15-ի իրադարձությունները տեղի են ունենում հենց այս ներքաղաքական զարգացումների ֆոնին: Արայիկ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, ցանկացել է զբաղեցրած պաշտոնից ազատել Ռուբեն Վարդանյանին, սակայն հակազդեցության է հանդիպել վերջինիս կողմից: Հենց այդ համատեքստում էլ ասպարեզ է բերվել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, որն ի սկզբանե միայն քաղաքական նպատակներով արված քայլ էր: Ստեղծված իրավիճակում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը շատ ցածր էր, և այս թեման օգտագործվել է Արայիկ Հարությունյանի կողմից Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու համար:

Ռուբեն Վարդանյանը այս գործընթացը կանխելու համար օգտագործել է առաջին հերթին իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվական ռեսուրսները: «Առավոտ» օրաթերթի վերոնշյալ հրապարակումը թերևս կազմել է հենց Վարդանյանի փիար թիմը: Այդ հրապարակման ու նմանատիպ այլ հրապարակումների գլխավոր ուղերձն այն է, որ Վարդանյանին փորձում են աշխատանքից հեռացնել Բաքվի կամ Երևանի պահանջով:

Ինչպես արդեն նշվեց, ներքաղաքական իրավիճակը Արցախում որոշակիորեն կայունացել է, բայց շարունակում է մնալ լարված:

Հարությունյան-Վարդանյան պայքարը շարունակվում է արդեն ավելի ոչ հրապարակային տեսքով: Այսպես, հունվարի 16-ին նախագահ Հարությունյանը որոշում է կայացրել պաշտոնից ազատել Արցախի ԱԱԾ պետ Աշոտ Հակոբջանյանին, որը Ռուբեն Վարդանյանի նոր թիմակից, գործարար Արման Հակոբջանյանի հորեղբոր որդին է: Այսինքն, իշխանական ռեսուրսների նկատմամբ պայքարը շարունակվում է: Նույն օրը Արցախում ստեղծվել է հասարակական շարժում` ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի: Այդ առումով մոտ ապագայում ևս ներքաղաքական ակտիվ զարգացումների ականատես ենք լինելու: Եվ զավեշտալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում Արցախի շրջափակման պայմաններում:

Մեկնաբանել