Կարմիր խաչի միջնորդությամբ ևս վեց հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Հունվարի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս վեց հիվանդ Արցախից 󠆽տեղափոխվել է Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ։

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,- ասված է հաղորդագրությունում։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել