Կալանավորվել են Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք կալանավորվել են, հայտնում է ազգային անվտանգության ծառայությունը։

«Շարունակվում է 2020-ի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետի կեցավայրից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձինք, որոնք ձերբակալվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Երկու անձի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Մեկնաբանել