Չնայած՝ ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է ԵՄ-ի հետ պայմանավորվել․ Լավրով

Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելությունը ուղարկելու մտադրությունը դեռևս ուժի մեջ է: Այս մասին 2022-ի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք դժվարություններ ունենք Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ կապված, երբ մեր հայ ընկերները առաջ էին տանում հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայելու անհրաժեշտությունը՝ այնտեղ կայունություն ապահովելու համար։ Երևանում համաձայնեցրել էինք այդպիսի փաստաթուղթ, սակայն որոշումը չհաջողվեց ընդունել, քանի որ հայ գործընկերները պնդում էին, որ փաստաթղթում Ադրբեջանին դատապարտող կետ լինի։ Մենք մինչև հիմա պատրաստակամ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման»,- ասել է նա:

Լավրովը նաև հայտարարել է, որ առանց Բաքվի համաձայնության Եվրամիության առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կարող է անարդյունավետ լինել։

«Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած, որ առաքելությունը (ՀԱՊԿ-ի – խմբ․) պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որ այնտեղ քաղաքացիական դիտորդների երկարաժամկետ առաքելություն տեղակայվի։ Իհարկե, սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ավելորդ լարվածություն ստեղծել»։

Մեկնաբանել