Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի արտգործնախարարությունից Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել։
«Ես կրկին, ինչպես անցած տարի, Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որովհետև ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- հունվարի 18-ին ԱԺ-կառավարաթյուն հարցուպատասխանի ժամանակ ասաց Միրզոյանը։
Նախորդ տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումը տեղի ունեցավ մարտի 11-13-ը։ Մարտի 12-ին ֆորումի շրջանակում կայացավ Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։