Դատախազներն ամսական հավելավճարներ կստանան՝ գրեթե դրույքաչափին հավասար

Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով դատախազների համար աշխատավարձից բացի կնախատեսվեն հավելավճարներ։ Նախագիծը ներկայացվելու է հունվարի 19-ի կառավարության նիստին։

Հավելումը, որ դատախազները ստանալու են ամսական կտրվածքով, կլինի դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ դատախազների հավելավճարի համար կծախսվի տարեկան մոտ 2,5 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ, խոսքը 432 դատախազների հավելավճարների մասին է։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ դատախազների նկատմամբ արտաքին ճնշումների բարձր հավանականություն կա։ Բացի այդ, ըստ արդարադատության նախարարության, վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների արդյունավետության նվազմանը, ինչը վերջնարդյունքում կարող է բերել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի և պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում առկա հանրային սպասելիքների չիրականացմանը:

Ըստ հիմնավորման՝ դատախազները հաճախ աշխատում են 12-13 ժամ, հաճախ նաև լքում են համակարգը մասնավոր հատվածում ավելի լավ պայմաններով աշխատանքի անցնելու հնարավորությամբ։

«Դատախազների վարձատրության ավելացումը անխուսափելիորեն կնպաստի նաև դատախազական համակարգը երիտասարդ, բանիմաց կադրերով համալրելու գործընթացին, քանի որ մասնավոր ոլորտում և պետական համակարգում աշխատավարձերի ներկայումս առկա ակնհայտ դիսբալանսը իրավաբանների գերակշիռ մեծամասնությանը մղում է մասնավոր ոլորտ»,- նշված է օրենքի հիմնավորումներում։

Մեկնաբանել