«Ազատի զորամասում հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում»

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի տարածքում հրդեհը, որը 15 զինծառայողի զոհվելու պատճառ է դարձել, բռնկվել է զորամասում ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնները չպահելու հետևանքով։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մանրամասնեց հրդեհի բռնկման հանգամանքները։ Ըստ նրա՝ փորձ է արվել վառարանն օգտագործել, որի նպատակով 5 լիտրանոց տարայով սպան ավտոբենզին է լցրել վառարանի մեջ։ Դրա հետևանքով այրվել է վառարանը, ապա հրդեհն անցել է սպային։ Դրանից հետո, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ։ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա մեծ հավանականությամբ չի եղել դիտավորյալ։

Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներ տեղափոխվել են Երևանի այրվածքաբանական կենտրոն, նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, իսկ երրորդի վիճակն ավելի թեթև է։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ հակահրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ 2022-ի դեկտեմբերին եղել է Գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրություն։ «ԳՇ պետը հստակ հրահանգ է տվել, թե ինչ է պետք անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար, խստիվ արգելվել է վառարանների համար որպես կպչան ավտոբենզին և այլ դյուրավառ հեղուկների օգտագործումը։ Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է ու հրամանի պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,- հայտարարեց Փաշինյանը։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանել